Մատչելիության հղումներ

logo-print

Հայ - թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացի սառեցման հիմնական պատճառը Ղարաբաղի հարցի չկարգավորված լինելն է: World Politics Review հանդեսին տված հարցազրույցում այդ մասին ասել է Միջազգային խաղաղության Քարնեգիի հիմնադրամի ավագ աշխատակից, Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին «Սեւ այգի» գրքի հեղինակ Թոմաս դե Վաալը։

Թուրքիան պնդել է, որ բարելավումը հարկ է կապել Ղարաբաղի հակամարտության հետ, թեպետ դա չի նշվել 2009 թվականի հոկտեմբերի 10-ին ստորագրված արձանագրություններում, նշել է բրիտանացի վերլուծաբանը: Նա ենթադրում է, որ պաշտոնական Անկարայի համար կարեւորը ոչ այնքան Ղարաբաղյան խնդրի կարգավորումն է, որքան թուրքալեզու դաշնակցի` Ադրբեջանի հետ կապերը։ Ադրբեջանը բավական ծավալով լոբբիստական աշխատանք է կատարել Թուրքիայի խորհրդարանում, բացի այդ` փորձելով Թուրքիային համոզել վերանայել Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու մտադրությունը, սպառնացել է բարձրացնել գազի սակագինը։

«Մինսկի գործընթացը, դժբախտաբար, այս պահին փակուղում է։ Այս անգամ հայկական կողմը չի ցանկանում ընդունել Մադրիդյան սկզբունքների վերջին տարբերակը, իսկ նախկինում Ադրբեջանն էր մերժում առաջարկները»,- ասել է Թոմաս դե Վաալն ու ավելացրել.- «Սակայն բանակցային գործընթացում կան ավելի խորքային բարդություններ։ Այն շատ նեղ հունով է ընթանում եւ չի կարող հզոր լիցք հաղորդել մեծ կոնֆլիկտը լուծելու համար։ Գրեթե չկա այդքան անհրաժեշտ զուգահեռ գործընթացը, որին պետք է մասնակցեն երկու հասարակությունները, միջազգային համայնքը պատշաճ չափով չի աջակցում Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Միացյալ Նահանգների միջնորդներին»։

Թոմաս դը Վաալի փոխանցմամբ` խաղաղության գործընթացին հետեւող դիտորդների մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները նախընտրում են ոչ թե դինամիկ գործընթաց, որը ենթադրում է վճռական քայլեր եւ հակառակորդի հետ փոխզիջում, այլ չհամակարգված եւ արդյունք չտվող բանակցություններ, որոնց շնորհիվ հաջողվում է պահպանել ստատուս-քվոն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG