Մատչելիության հղումներ

Մայիսի 7-ի մամուլ


«Հրապարակ»-ը անդրադառնում է կառավարության երեկվա նիստում Քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանի հայտարարություններին կուսակցությունները «աշխատանքի բորսա» դարձնելու մասին՝ նկատելով. - «Անշուշտ, ոչ մեկի համար գաղտնիք չէր, որ կոալիցիոն սկզբունքով բաշխված իշխանությունը վերածվել է կերակրատաշտի այդ կուսակցությունների անդամների համար, եւ պաշտոնների այժմ նշանակվում են բացառապես կուսակցական պատկանելության սկզբունքով, բայց ասացեք խնդրեմ` ի՞նչ է անում Քաղծառայության խորհուրդը եւ անձամբ նրա նախագահը, որ օրենքը գործի, եւ քաղծառայության ինստիտուտը կայանա: Ոչինչ: Ավելին` ամեն գնով նպաստում է այս իրավիճակին: Չի բացառվում, որ այս բոցաշունչ ճառն ընդամենը վարչապետի եւ նախագահի հետ պայմանավորվածությունների շրջանակներում է արտասանվել, եւ սրանով հող են նախապատրաստում կոալիցիայից հրաժարվելու համար, ինչի մասին բավական ժամանակ խոսվում է»:

«Հայկական ժամանակ»-ի խմբագրականն անդրադառնում է ղարաբաղյան բանակցությունների ներկա հանգրվանին եւ այդ առնչությամբ կողմերի իրականացրած քարոզչական քաղաքականությանը: Թերթում կարդում ենք. - «Հիմա էլ ադրբեջանցիք են պնդում, թե Սերժ Սարգսյանը երեք ամիս առաջ 2 շաբաթ ժամանակ է վերցրել Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման համար: Չենք հավատում արդբեջանական մամուլին, իհարկե, չենք հավատում, չնայած թուրք-ադրբեջանական մամուլը Հայաստանի եւ Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող պրոցեսների հիմնական աղբյուրն է դարձել հայաստանցիների համար: Եվ որ ավելի սարսափելի է՝ այդ աղբյուրի տեղեկությունները վաղ թե ուշ, այսպես թե այնպես հաստատվում են: Ներկայումս էլ զգալի է, որ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման շուրջ ինչ-որ բան է կատարվում: Հայկական աղբյուրները, սակայն, այս թեմաներով լռում են, իսկ թուրք-ադրբեջանական աղբյուրները հոսում են առատորեն: Իհարկե, ՀՀ իշխանություններն էլ կռահում են, չեն կարող չկռահել, որ կարելի է ակտիվ լրատվական քաղաքականություն վարել, սակայն չեն վարում, ինչը նշանակում է՝ ասելու բան չունեն: ՀՀ իշխանություններն անընդհատ ինչ-որ թեզիսներ են առաջ քաշում, իսկ թե կոնկրետ ինչ է կատարվում բանակցային սեղանի շուրջ՝ չեն ասում: Բանակցային պրոցեսների նկարագրությունների մենք հանդիպում ենք միայն թուրք-ադրբեջանական աղբյուրներում»:

«Առավոտ» թերթին հարցազրույց է տվել գործարար Բարսեղ Բեգլարյանը: Լրագրողը հարցնում է. - «Կարծում եմ, դուք բավականին լավ եք ճանաչում ե'ւ Ռոբերտ Քոչարյանին, ե'ւ Սերժ Սարգսյանին: Թեպետ արդեն երկու տարի երկրորդ նախագահն իշխանության մեջ չէ, բայց շարունակ խոսվում է նրա հավանական վերադարձի մասին: Այն մասին, որ ինքն ուզում է վերադառնալ, բայց նախագահը չի թողնում եւ այլն: Ինչ եք կարծում, կա՞ տարաձայնություն նրանց միջեւ»: Բեգլարյանը պատասխանում է. - «Երկուսին էլ վաղուց եմ ճանաչում, երկուսն էլ ունեն անցած ճանապարհ, եւ սա չի կարելի հերքել: Բայց նորից պետք է շեշտեմ, որ մենք չունենք քաղաքական մշակույթ, քաղաքական կուլտուրա մեզանում չկա: Ցավոք սրտի, մեր հասարակության մեջ բամբասանքների մակարդակով տարաբնույթ խոսակցություններ են տարածվում: Հիշեք, որ ժամանակին ձեզ հետ զրույցում մի այսպիսի արտահայտություն եմ արել, որ Քոչարյան Ռոբերտի նման քաղաքական գործչին թոշակի ուղարկելը բավականին մեծ ճոխություն է այս փոքրիկ հանրապետության համար: Բայց չկա այնպիսի հասկացողություն, որ Քոչարյանը ուզում է վերադառնալ, եւ Սարգսյանը չի թողնում: Այսպիսի բան չկա՝ իմ ինֆորմացիայով, իմ համոզմամբ: Գուցե իմ ինֆորմացիան ամբողջական չէ, բայց վերջերս Տավուշում երկրի նախագահը հստակ ասաց այդ մասին: Ասաց՝ իսկ ե՞րբ Քոչարյանը քաղաքականության մեջ չի եղել: Իրոք, գաղտնիք չէ, որ «Բարգավաճ Հայաստանը»-ը եղել է այն ժամանակվա նախագահականի պրոյեկտը: Այնպես որ, էլի եմ ասում, այստեղ անձերի խնդիր չկա, կա չձեւավորված քաղաքական մշակույթի խնդիր»: Պնդելով, որ Հայաստանում պետք է մշակվի նոր մտածելակերպ՝ Բարսեղ Բեգլարյանը նշում է. - «Մենք սիրում ենք ուրիշներին կրկնել, դա երեւում է անգամ բիզնեսում. մեկը մի գործ է անում, մյուսները սկսում են կրկնել: Իմ ամբողջ նպատակն է, որ Հայաստանում ստեղծվի մի նոր մթնոլորտ, մի նոր սերունդ, որը նորովի կմտածի: Հիմա երեւի շատ խիստ եմ ասելու, բայց՝ ընտրությունները մեր տունը քանդում են, ամեն 5 տարին մեկ ազգը երկատվում է: Պատճառը անգլո-սաքսոնական կամ սեմական մտածելակերպն է, երբ փոքրիկ եւ աղքատ երկրներին քայքայելու նպատակով այսպիսի ընտրություններ են պարտադրում»:

«Հայք»-ի խմբագրականում կարդում ենք. - «Հայաստանի թիվ մեկ խնդիրը ոչ թե Ղարաբաղի հարցն է, ոչ թե հայ-թուրքական հարաբերություններն են, ոչ էլ սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակը չէ: Իհարկե, մեր առջեւ ծառացած թիվ մեկ խնդիրը նաեւ ընտրակեղծիքները չեն: Հայաստանի եւ ՀՀ քաղաքացիների թիվ մեկ խնդիրը բարոյալքումն է: Միայն բարոյալքված երկրում կարող է ինչ-որ մեկի մտքով անցնել, ասել կամ գրել, թե փետրվարի 19-ի խայտառակ ընտրակեղծիքների եւ մարտի 1-ի դժնդակ սպանություններից հետո ընդդիմության առաջնորդները պետք է ժողովրդից ներողություն խնդրեին, որ չկարողացան վերականգնել երկրի սահմանադրական կարգը: Միայն բարոյալված երկրի լրագրողը կարող է շատ հանգիստ, որպես անչափ կարեւոր տեղեկություն գրել, թե արդեն իսկ որոշված է, թե ով կամ որ կուսակցությունները պետք է տեղ գրավեն խորհրդարանում հերթական ընտրություններից հետո: Այս փաստը ոչ միայն վկայում է բարոյալքման մասին, այլ նաեւ ապացուցում է, որ մեզ հայտնի ուժերը շարունակում են բարոյալքման գործընթացը»:

«Հայոց Աշխարհ»-ը շարունակում է ահազանգել Հայաստանի գիտակրթական ոլորտում տիրող «անմխիթար վիճակի մասին». - «Հայաստանի գիտության ու կրթության ոլորտում տիրող անմխիթար վիճակը հասել է այն կրիտիկական սահմանագծին, երբ միջազգային հեղինակավոր կազմակերպություններն արդեն սկսում են արձանագրել որակական առումով Ադրբեջանի ու Վրաստանի բուհերի՝ Հայաստանի համապատասխան ուսումնական հաստատություններից առաջ անցնելու, այսինքն՝ գիտակրթական առումով մեր երկիրը տարածաշրջանային վերջնապահի վերածվելու ակնհայտ փաստը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG