Մատչելիության հղումներ

Գագիկ Ջհանգիրյան. «Սա մեզ մեսիջ է, որ ձեր վճռաբեկ բողոքները վարույթ չենք ընդունելու, չենք քննելու, հույսներդ կտրեք»


Նիկոլ Փաշինյանի պաշտպանների բողոքները վարույթ չընդունելու եւ վերադարձնելու՝ Վճռաբեկ դատարանի որոշումը Գլխավոր դատախազի նախկին տեղակալ, ներկայումս ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի անդամ Գագիկ Ջհանգիրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում որակեց «զուտ քաղաքական» որոշում, որը նրա կարծիքով որեւէ կապ չունի իրավաբանության հետ։

«Սա այս երկրի խայտառակությունն է, որ մենք նույնիսկ «Մարտի 1»-ից 2 տարի անց ունենք արդարադատության նույն սատկած վիճակը, ինչ ունեինք փետրվարի 23-ին կամ մարտի 15-ին», - հայտարարեց Ջհանգիրյանը։

Հիշեցնենք, Վճռաբեկ դատարանին դիմել էին ե՛ւ Նիկոլ Փաշինյանի պաշտպանները ե՛ւ դատախազությունը: Փաստաբանները վճռաբեկից պահանջել էին բեկանել Վերաքննիչ դատարանի վճիռն ու արդարացնել Փաշինյանին, իսկ դատախազությունը պահանջել էր պատիժն ավելի խստացնել: Վճռաբեկ դատարանը այս բողոքները վերադարձնելու` իր որոշման մեջ նշում է, որ դրանցում չկան այն հիմքերը, որոնք ըստ Քրեական դատավարության օրենսգրքի, անհրաժեշտ են բողոքը վարույթ ընդունելու համար:

«Սա մեզ բոլորին միանշանակ մեսիջ է, որ մենք ձեր վճռաբեկ բողոքները վարույթ չենք ընդունելու, չենք քննելու, հույսներդ կտրեք», - եզրակացրեց Գլխավոր դատախազի նախկին տեղակալը։

Գագիկ Ջհանգիրյանը նշեց, որ մարտիմեկյան իրադարձությունների հետեւանքով քրեական հետապնդումների ենթարկված շուրջ 150 ընդդիմադիրների դատավճիռների վերաբերյալ բողոքներ ներկայացրել են Վճռաբեկ դատարան, սակայն բողոքների գերակշիռ մասը վերադարձվել է. ընդամենը 3 գործ է վարույթ ընդունել եւ որոշումներ կայացրել: Ընդ որում, ըստ Ջհանգիրյանի, վարույթ չընդունված մի քանի գործերի շուրջ արդեն Մարդու իրավունքների Եվրոպական դատարանից պատասխաններ են ստացվում։

Նախկին դատավոր Պարգեւ Օհանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ քաղաքական դրդապատճառներից զատ, օրենսդրության հետ կապված խնդիրներ կան։ Այսինքն՝ Քրեական դատավարության օրենսգրքի այն հոդվածները, որոնց հիման վրա Վճռաբեկ դատարանը մերժում է վարույթ ընդունելը, այնքան էլ հստակ ձեւակերպված չեն. կարող են տարբեր կերպ մեկնաբանվել եւ կամայական որոշումների հիմք դառնալ։ Օհանյանը մեջբերեց կոնկրետ Փաշինյանի բողոքը վերադարձնելու որոշման մեջ վկայակոչված նորմերից մեկը, ըստ որի՝ Վճռաբեկ դատարանը բողոքն ընդունում է վարույթ, եթե Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրված առերեւույթ դատական սխալ, որը կարող է առաջացնել կամ առաջացրել է ծանր հետեւանքներ:

«Ի՞նչ է նշանակում առերեւույթ դատական սխալ կամ ո՞ր դեպքում կարելի է հետեւանքը ծանր կամ ոչ ծանր համարել»,- հարցնում է նախկին դատավորը, - «Այսինքն, օրենքը գնահատելու հնարավորություն է տվել, դատավորներն էլ կարող են ըստ իրենց հայեցողության դա անել»։
XS
SM
MD
LG