Մատչելիության հղումներ

Երթով Երեւանի պետական համալսարանից Հանրապետության հրապարակ շարժված ուսանողների հիմնական պահանջը կրճատված տարկետման իրավունքով մագիստրոսական ու ասպիրանտական տեղերի վերականգնումն է: «Ակցիան ոչ թե առաջինը կամ երկրորդն է, այլ գործողությունների շարք է, որը չի դադարեցվելու մինչեւ չբավարարվեն պահանջները», - նշեց կազմակերպիչներից ԵՊՀ ֆիզիկայի ֆակուտետի ուսանող Դանիել Իոաննիսյանը:

«Մենք համաձայնք ենք, որ ոչ բոլորն են արժանի մագիստրատուրայում կամ ասպիրանտուրայում սովորել, բայց դրա դեմ կարելի է այլ քայլեր ձեռնարկել, օրինակ` հրապարակայնացնել ընդունելության կարգը եւ պայքարել կոռուպցիայի դեմ կամ բացել ռազմական ամբիոններ եւ այլ», - ասաց Դանիելը։

Իրենց առաջարկները, ինպես նաեւ մագիստրոսական ու ասպիրանտական տեղերը վերականգնելու պահանջի հետ միասին ներկայացվել են նամակում, որը մի քանի տասնյակ երիտասարդներ անձամբ տարան ՀՀ կառավարություն: Նամակում մասնավորապես նշված է. «Մի քանի հարյուր ասպիրանտուրա եւ մագիստրատուրա չընդունված ուսանողները չեն ավելացնի բանակում ծառայողների քանակը նույնիսկ կես տոկոսով, փոխարենը, մենք համոզված ենք, որ, չընդհատելով ուսման պրոցեսը եւ դառնալով բարձրակարգ մասնագետներ, նրանց օգտակարությունը Հայաստանին կլինի ավելի նշանակալի` ծառայելով բարեկեցության եւ կենսամակարդակի աճին»:

Երթը անցավ խաղաղ, առանց ոստիկանության միջամտության, ում ներկայությունը ապահովված էր բարձր սպայական կազմով, ներկա էր նաեւ Ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության պետի տեղակալ Ռոբերտ Մելքոնյանը, ով ըստ Դանիել Իոաննիսյանի, «մոտեցել եւ զգուշացրել էր, որ եթե շատ ելույթներ ունենան, ստիպված կլինեն ուսանողության նկատմամբ ուժ կիրառել»։

Կառավարության շենքի դիմաց ուսանողներին ընդունեց Քաղաքացիների ընդունելության եւ դիմում բողոքների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը, ով հայտնեց, որ ուսանողները պատասխան կստանան` ըստ գործող կարգի։

XS
SM
MD
LG