Մատչելիության հղումներ

Հայաստանում մշակվում է էներգետիկ անվտանգության հայեցակարգ


Հայաստանում կներդրվի էներգետիկ անվտանգության հայեցակարգ, որի մշակման աշխատանքային խումբը այսօր գումարել է անդրանիկ նիստը:

Հայեցակարգի մշակումը նախատեսված է «Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությամբ»:

Նիստը վարող` Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը նշել է, որ էներգետիկ անվտանգության հայեցակարգի հիմնական խնդիրը պետք է լինի Հայաստանի էներգետիկ ինքնաբավության մակարդակի ապահովումը թե' կարճաժամկետ, թե' երկարաժամկետ հեռանկարում:

«Այսօր մեր երկրում էներգետիկայի զարգացման խնդիրները հուսալի վիճակում են, եւ Հայաստանը բոլոր հիմքերն ունի` ոչ միայն ապահովելու մեր երկրի էներգետիկ ինքնաբավությունը, այլեւ` էլեկտրաէներգիա արտահանելու, ինչը մեր երկրի տնտեսության համար չափազանց կարեւոր նշանակություն ունի», - Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակի փոխանցմամբ` ասել է Արթուր Բաղդասարյանը:

«Մենք պետք է կարողանանք միջազգային լավագույն փորձն ուսումնասիրելով` մեր երկրում ներդնել էներգետիկ անվտանգության ժամանակակից համակարգ», - նշել է նա:

Նիստում որոշվել է մեկ ամսվա ընթացքում ավարտել փաստաթղթի հայեցակարգային դրույթների մշակումը եւ մինչեւ հոկտեմբեր փաստաթուղթը ներկայացնել հաստատման:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG