Մատչելիության հղումներ

Հունաստանը ծանր ժամանակներ է ապրում


Բողոքի ցույցը Աթենքի կենտրոնում, 5-ը մայիսի, 2010թ.
Բողոքի ցույցը Աթենքի կենտրոնում, 5-ը մայիսի, 2010թ.

Հունաստանի վարչապետ Գեորգիոս Պապանդրեուն, չորեքշաբթի օրը ելույթ ունենալով երկրի խորհրդանում, դատապարտել է Աթենքում կատարված բռնությունները, որոնց արդյունքում երեք մարդ զոհվեց։

«Մենք խորապես ցնցված ենք մեր երեք քաղաքացիների անարդար մահից` քաղաքացիներ, որ վայրագ բռնությունների զոհ դարձան», - հայտարարել է վարչապետը:

«Հիմա յուրաքանչյուրի պատասխանատվության ժամանակն է: Երկիրը ծանր ժամանակներ է ապրում։ Եվ մենք պետք է շատ անկեղծ լինենք` սա մեր ազգային շահերը պաշտպանելու ժամանակն է, մեր ժողովրդավարական համակարգը պաշտպանելու ժամանակն է, մեր հասարակության համախմբումը պաշտպանելու ժամանակն է», - ասել է Պապանդրեուն` ընդգծելով. - «Յուրաքանչյուր քաղաքացի հավաքներ անցկացնելու բոլոր իրավունքներն ունի, բայց ոչ մեկը բռնություն գործադրելու իրավունք չունի, հատկապես` երբ բռնությունների հետեւանքով քաղաքացիներ են զոհվում: Բռնությունը բռնություն է ծնում, այլ բան են հանրահավաքները, այլ բան` սպանությունը»:

Հունաստանում զանգվածային անկարգությունների հետեւանքով չորեքշաբթի օրը երեք մարդ զոհվեց հրկիզված բանկի շենքում։ «Ռոյթերզ»-ը հաղորդում է, որ զոհվածներից մեկը հղի կին էր, մյուս երկուսը` տղամարդիկ։

Ոստիկանությունը հաղորդում է, որ անկարգությունների հետեւանքով 8 մարդ վիրավորվել է, շուրջ մեկ տասնյակ մարդ բերման է ենթարկվել։

Ավելի ուշ անկարգություններ սկսվեցին երկրի մեծությամբ երկրորդ քաղաքում` Սալոնիկում։ Այստեղ դիմակավորված մարդիկ մի շարք խանութներ ու բանկեր են կողոպտել։ Երեկոյան Սալոնիկում շուրջ 30 մարդ բերման էր ենթարկվել։

Հունաստանում անկարգությունների վերածված բողոքի ակցիաները ուղղված են կառավարության տնտեսական քաղաքականության դեմ, կոշտ քայլերի դեմ, որ համաձայնել է կատարել կառավարությունը ճգնաժամը հաղթահարելու համար։

Ֆինանսական ճգնաժամից դուրս գալու համար դոնոր երկրները Հունաստանին 110 միլիարդ եվրո են հատկացնում, Հունաստանը, իր հերթին, 30 միլիարդ եվրոյով կրճատելու է ծախսերը, ինչի հետեւանքով կնվազեն բնակչության եկամուտները։

Երկիրը ճգնաժամից դուրս բերելու այս ծրագիրը պետք է հաստատվի խորհրդարանում։ Պապանդրեուի Սոցիալիստական կուսակցությունը մեծամասնություն է կազմում 300-տեղանոց խորհրդարանում` 160 մանդատը սոցիալիստներինն է. կառավարության որոշումը հաստատելու համար 151 քվեն բավարար է։

«Մենք ընդունեցինք այս որոշումը երկիրը փրկելու համար, այլընտրանքը` սնանկացումն է», - իր ելույթում ասել է վարչապետը:

Իսկ ցուցարարները հայտարարել են, որ հինգշաբթի օրը շարունակելու են բողոքի ակցիաները խորհրդարանի դիմաց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG