Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիայում անցկացվում են «վերջին տասնամյակների ամենաանկանխատեսելի ընտրությունները»


Լիբերալ դեմոկրատների առաջնորդ Նիկ Քլեգը ընտրարշավի ժամանակ, Լոնդոն, 3-ը մայիսի, 2010թ.
Լիբերալ դեմոկրատների առաջնորդ Նիկ Քլեգը ընտրարշավի ժամանակ, Լոնդոն, 3-ը մայիսի, 2010թ.

«Վերջին մի քանի տասնամյակների ամենաանկանխատեսելի ընտրությունները», - այսպես են բնութագրում բրիտանական լրատվամիջոցները հինգշաբթի օրը երկրում անցկացվող խորհրդարանական ընտրությունները:

2010-ի բրիտանական ընտրությունների գլխավոր ինտրիգը երրորդ ուժի ի հայտ գալն է: «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ջոն Օ’Սալիվանը, ով 80-ականներին վարչապետ Մարգարետ Թեթչերի խորհրդականն է եղել, նշում է. - «Այս ընտրությունները նախորդներից հիմնականում տարբերվում են այն իրողությամբ, որ միշտ երրորդը համարվող ձախ-կենտրոնամետ Լիբերալ դեմոկրատական կուսակցությունը հավասար մրցակցության մեջ է մտել առաջատար երկու քաղաքական ուժերի հետ: Իրավիճակի նման փոփոխությունը տեղի ունեցավ առաջին նախընտրական հեռուստաբանավեճից հետ, որի ընթացքում առավել համոզիչ կերպով հանդես եկավ լիբերալ դեմոկրատների առաջնորդ Նիկ Քլեգը: Առաջին անգամ 30 տարվա ընթացքում լիբերալ դեմոկրատները ընտրողների շրջանում ունեցած ժողովրդականության առումով իրոք կարող են հավասարը հավասարին մրցել պահպանողականների ու լեյբորիստների հետ»:

Միացյալ Թագավորությունում անցկացված վերջին սոցհարցումները վկայում են, որ քվեների մեկ երրորդից ավելին կստանա Դեյվիդ Քեմերոնի ղեկավարած Պահպանողական կուսակցությունը: Երկրորդ տեղի համար 28-30 տոկոս վարկանիշով պայքարում են լիբերալ դեմոկրատներն ու լեյբորիստները: Բրիտանական լրատվամիջոցները չեն բացառում, որ ի վերջո մի իրավիճակ կստեղծվի, երբ կուսակցություններից եւ ոչ մեկը Համայնքների պալատում մեծամասնություն չի ունենա: Նման պայմաններում կա'մ կձեւավորվի պահպանողականներից կազմված թույլ կառավարություն, որ չի ունենա բրիտանացի օրենսդիրների մեծամասնության աջակցությունը, կա'մ էլ լիբերալներն ու լեյբորիստները կկարողանան ընդհանուր հայտարարի գալ:

«Իրադարձությունների զարգացման մեկ այլ տարբերակ էլ կա. Նիկ Քլեգն ու լիբերալ դեմոկրատները կարող են դաշինք կազմել լեյբորիստների, բայց ոչ` գործող վարչապետ Գորդոն Բրաունի հետ, որը շատ ցածր ժողովրդականություն է վայելում: Նման պայմաններում լեյբորիստները կարող են մեկ այլ` լիբերալների համար ավելի ընդունելի գործչի ընտրել կուսակցության առաջնորդ եւ համապատասխանաբար նաեւ վարչապետ: Այդ դեպքում կա'մ լեյբորիստական կառավարություն կձեւավորվի, կա'մ էլ լեյբորիստներից ու լիբերալ դեմոկրատներից կազմված կոալիցիա», - նշում է Օ’Սալիվանը:

Փորձագետի կանխատեսմամբ, սակայն, Մեծ Բրիտանիայի քաղաքական դաշտում անորոշությունը կպահպանվի նաեւ ընտրություններից հետո: «Կարծում եմ, որ միջանկյալ մի իրավիճակի կհանգենք: Նման պայմաններում ձեւավորված կառավարությունը կպաշտոնավարի առավելագույնը երկու տարի», - նշում է նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG