Մատչելիության հղումներ

logo-print

Իսպանացի գրողի համոզմամբ, Հայաստանը պետք է «ճկունություն դրսեւորի մեծերի հետ»


Իսպանացի գրող եւ լրագրող Խոսե Անտոնիո Գուրիարանը հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանին

Իսպանացի գրող եւ լրագրող Խոսե Անտոնիո Գուրիարանը հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանին

«Թուրքիայի հետ արձանագրություններով Հայաստանը ձեռք է բերել հեղինակություն աշխարհում` անկախ դրանց ճակատագրից», - Մոնտեվիդեոյում «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում հայտարարեց իսպանացի գրող եւ լրագրող Խոսե Անտոնիո Գուրիարանը:

«Հետաքրքրական են նախագահ Սարգսյանի ճկուն քայլերը` նախ ստորագրելով արձանագրությունները եւ հետո սառեցնելով», - ընդգծեց իսպանացի գրողը` հավելելով. - «Հայաստանը փոքր երկիր է եւ պետք է ճկնություն դրսեւորի մեծերի հետ: Թեեւ ես համաձայն եմ, որ Ցեղասպանության ճանաչումը թիվ մեկ պայման պետք է լինի, հասկանում եմ, որ Հայաստանի համար կարեւոր են տնտեսական հնարավորությունները»:

Անդրադառնալով Իսպանիայի վարչապետ Սապատերոյի քաղաքականությանը Թուրքիայի նկատմամբ (քաղաքակրթությունների դաշինքի շրջանակներում)՝ նա նշեց, որ դա վատ ծրագիր չէ, սակայն դրա շարունակության պայմանը, ինչպեսեւ Եվրամիությանը անդամակցելու հարցում, պետք է լինի պատմության հետ Թուրքիայի իշխանության հաշտվելը` ընդունելով 1915 թվականի Ցեղասպանությունը:

Գուրիարանը նշեց, որ Կատալոնիայի խորհրդարանը չի ընդունել Հայոց ցեղասպանությունը. կա միայն օրենքի նախագիծ, որի ընդունման հավանականությունը շատ մեծ է, սակայն դրա քվեարկությունը դեռ չի եղել:

«Պետք է սպասել մի քիչ», - ասաց նա:

Հարցին, թե ինչպես է վերաբերում նախագահ Սերժ Սարգսյանին Հայաստանի մտավորականների հղած դիմումին, որպեսզի պետական շքանշան շնորհվի իրեն, իսպանացի գրողը պատասխանեց, թե տեղյակ է այդ բաց նամակին, սակայն չի սիրում մեդալներ. - «Շնորհակալ եմ: Գուցե ինձ դուր գա, որ իմ գրքերը կարդացվեն, սակայն ինձ չեն ոգեւորում շքանշանները: Տարբեր ձեւով կարելի է գնահատել մարդկանց արժանիքները»:

Խոսե Անտոնիո Գուրիարանը Ուրուգվայ է ժամանել` ներկայացնելու համար Աշոտ Արծրունու «Հայ ժողովրդի պատմություն» գրքի նոր տարբերակը, որ հրատարակել է Բարսելոնայի SIRAR հրատարակչությունը:

Իսպանացի գրողը, ով 1980 թվականի դեկտեմբերին Մադրիդում Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) կողմից ռումբի պայթեցման հետեւանքով պատահականորեն վիրավորվել էր եւ այդ դեպքից հետո դարձել հայության բարեկամը եւ Հայ դատի ջատագովը, հեղինակել է «Ռումբը» եւ «Հայեր, մոռացված ցեղասպանությունը» գրքերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG