Մատչելիության հղումներ

Հայաստանի կենտրոնական բանկը (ԿԲ) հրապարակել է դրամավարկային քաղաքականության 2010 թվականի երկրորդ եռամսյակի ծրագիրը, որով տնտեսության կանխատեսվող տարեկան աճը կազմում է 3-4 տոկոս:

«2009 թվականին իրականացված ընդլայնողական քաղաքականությունը, նաեւ համաշխարհային տնտեսության ավելի արագ վերականգնումը շատ ավելի դրական միտումներ են ցույց տալիս, եւ եթե մենք հունվարին 1.2 տոկոսի շուրջն էինք կանխատեսում տարին, հիմա կանխատեսում ենք 3-4 տոկոսի շուրջը», - «Ազատություն» ռադիոկայանին չորեքշաբթի օրը ասաց ԿԲ-ի դրամավարկային քաղաքականության վարչության պետ Արթուր Ստեփանյանը:

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակը Հայաստանը փակել է 5.5 տոկոս տնտեսական աճով, ինչը պայմանավորված է հիմնականում լեռնաարդյունաբերության ոլորտում արտահանման ծավալների գրեթե կրկնապատկմամբ:

Դրամավարկային քաղաքականության երկրորդ եռամսյակի ծրագրով ԿԲ-ն վերանայել է նաեւ սպասվող գնաճի մակարդակը. այն կկազմի 6.2 տոկոս՝ նախկինում հրապարակված 7.4 տոկոսի փոխարեն:

Ստեփանյանը ասաց, որ ապրիլին գնաճը կազմել է 1.3 տոկոս, ինչը պայմանավորված է գազի սակագնի բարձրացմամբ: Իսկ մնացած ապրանքների գծով, ըստ նրա, էական փոփոխություններ չեն արձանագրվել:

«Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության ղեկավար Աբգար Եղոյանի կարծիքով, սակայն, վերջին շրջանի գնաճը պայմանավորված է ոչ այնքան գազի ապրիլմեկյան թանկացումով, որքան մարտին արձանագրված դրամի արժեզրկումով, երբ մեկ ԱՄՆ-ի դոլարը փոխանակման կետերում սկսեց վաճառվել 410-415 դրամով, եւ դա անմիջապես ազդեց ներկրվող ապրանքների գների վրա:

«Հիմա փոխարժեքը փոխվել է, բայց ոչ մի ներկրված ապրանքի գին չի իջնում: Հիմա վստահ ենք, որ այս բոլոր կազմակերությունները գերշահույթներ են ստանում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Եղոյանը:

Արթուր Ստեփանյանը այս կապակցությամբ ասաց. - «Մենք, ցավոք, ունենք շուկաներ, որոնք բարձր մոնոպոլիզացիայի կամ օլիգոպոլիզացիայի մակարդակներ ունեն եւ գնային կոշտություններ ունեն: Այնինքն՝ մի ուղղությամբ, երբ դրանք բարձրանում են, շատ արագ է տեղի ունենում, հակառակ ուղղությամբ՝ բավականին դանդաղ է լինում»:

Տնտեսական իրավունքի կենտրոնի նախագահ Մովսես Արիստակեսյանը, մինչդեռ, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը պետք է դադարի «ամորֆ երեւույթ» լինելուց եւ դառնա մենաշնորհների դեմ պայքարի իրական մարմին:
XS
SM
MD
LG