Մատչելիության հղումներ

Վճռաբեկ դատարանը մերժել է Փաշինյանի գործով բողոքները


Նիկոլ Փաշինյանը Վերաքննիչ դատարանում, 9-ը մարտի, 2010թ.
Նիկոլ Փաշինյանը Վերաքննիչ դատարանում, 9-ը մարտի, 2010թ.

Վճռաբեկ դատարանը մերժել է 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների առնչությամբ ազատազրկման դատապարտված «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի գործով պաշտպանների եւ մեղադրող կողմի բողոքները Վերաքննիչ դատարանի մարտի 9-ի որոշման դեմ։

Վերաքննիչ դատարանը հիշյալ որոշմամբ անփոփոխ էր թողել առաջին ատյանի դատարանի հունվարի 19-ի վճիռը, որով Փաշինյանը դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման, սակայն որոշել էր կիրառել համաներում եւ կիսով չափ կրճատել պատժի չկրած մասը:

Պաշտպանները վճռաբեկ բողոքում նշել էին, որ Վերաքննիչ դատարանն այս որոշումը կայացրել է Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի, Սահմանադրության եւ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված նորմերի խախտմամբ։ Պաշտպանները պնդում են, որ Վերաքննիչ դատարանի որոշումը հիմնավորված չէ եւ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում։

Չորեքշաբթի օրը հրապարակված որոշմամբ Վճռաբեկ դատարանը հակադարձել է, թե պաշտպանների պնդումներն անհիմն են եւ չեն բխում գործի նյութերից։

Վճռաբեկ դատարանի որոշման բովանդակությունը, ըստ Փաշինյանի պաշտպան Լուսինե Սահակյանի՝ «ամբողջությամբ համընկնում է վերաքննիչ դատարանի որոշմանը»:

«Վճռաբեկ դատարանը գրեթե արտագրել է վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները, որոնք ակնհայտ անհիմն էին, եւ փորձ է արել ուղղակի հեռանալ իրական պատասխան տալուց մեր բողոքի փաստարկներին», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Սահակյանը՝ հավելելով, որ իրենք պատրաստվում են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան. - «Մենք արդեն նախնական նամակ ենք ուղարկել Եվրոպական դատարան, եւ այժմ էլ պատրաստվում են հիմնական գանգատ ներկայացնել»:

Փաշինյանի գործով Վերաքննիչի որոշումը բեկանելու դիմում էր ներկայացրել նաեւ մեղադրող կողմը, պնդելով, որ Նիկոլ Փաշինյանին ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մասով արդարացնելը դատական սխալ է եղել եւ «կարող է առաջացնել ծանր հետեւանքներ»։

Վճռաբեկ դատարանը մերժել է նաեւ մեղադրող կողմի բողոքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG