Մատչելիության հղումներ

Ստուգվում է Խալաֆյանի հետ բերման ենթարկվածների նկատմամբ բռնությունների մասին հրապարակումների իսկությունը


Ոստիկանության Չարենցավանի բաժին բերման ենթարկված Վահան Խալաֆյանի մահվան դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ստուգվում է նաեւ գողություն կատարելու կասկածանքով Խալաֆյանի հետ բերման ենթարկված, հետագայում կալանավորված երեք անձանց նկատմամբ Չարենցավանի ոստիկանության բաժնում ապրիլի 13-ին բռնություններ կիրառված լինելու մասին մամուլի հրապարակումների իսկությունը:

«Իրենց բերման ենթարկելու եւ ոստիկանության բաժնում պահելու վերաբերյալ Ա. Իսպիրյանին, Շ. Մարկոսյանին եւ Դ. Գյուլումյանին առաջարկվել է ցուցմունք տալ դեռեւս ապրիլի 19-ին: Հարցաքննության ընթացքում Մարկոսյանը եւ Իսպիրյանը գրավոր հայտնել են, որ իրենց նկատմամբ որեւէ բռնություն չի գործադրվել, արժանապատվությունը վիրավորող գործողություններ չեն կատարվել, իսկ Գյուլումյանը հրաժարվել է ցուցմունքներ տալ», - ասված է Հատուկ քննչական ծառայության հաղորդագրությունում: - «Իսպիրյանը, Մարկոսյանը եւ Գյուլումյանը ենթարկվել են դատաբժշկական փորձաքննության, որոնց եզրակացությունների համաձայն` նրանց մարմինների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Բացի այդ` նրանք դատաբժիշկների մոտ եւս հայտարարել են, որ իրենց նկատմամբ բռնություններ չեն կիրառվել»:

«Հաշվի առնելով, որ մայիսի 3-ին եւ 4-ին մամուլում վերստին եղել են հրապարակումներ առ այն, որ Դ. Գյուլումյանի նկատմամբ կիրառվել են բռնություններ` վկայակոչելով նրա հարազատներին, ապա քննիչը մայիսի 4-ին կրկին առաջարկել է Գյուլումյանին տալ ցուցմունքներ` ապրիլի 13-ին ոստիկանության Չարենցավանի բաժնում պահվելու եւ հնարավոր կիրառված բռնությունների հանգամանքներ վերաբերյալ: Սակայն վերջինս կրկին հրաժարվել է ցուցմունքներ տալ», - տեղեկացնում է Հատուկ քննչական ծառայությունը:

Հատուկ քննչական ծառայությունը մայիսի 4-ին գրավոր դիմել է Հայաստանի օմբուդսմենին` խնդրելով տրամադրել Իսպիրյանին, Մարկոսյանին եւ Գյուլումյանին այցելության արդյունքների վերաբերյալ տեղեկություններ, հարցումներ են ուղարկվել նաեւ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ եւ ոստիկանության Չարենցավանի բաժնի ձերբակալվածներին պահելու վայր` հիշյալ երեք անձանց տվյալ հիմնարկներ ընդունելիս բուժզննման ենթարկելու արդյունքների մասին տեղեկություններ տրամադրելու համար. - «Չարենցավանի բաժնի ՁՊՎ-ից մայիսի 3-ին ստացված գրավոր պատասխանի համաձայն` վերոնշյալ անձանց մարմինների վրա մարմնական վնասվածքներ չեն եղել, եւ գրավոր կամ բանավոր հայտարարություն չեն ներկայացրել իրենց նկատմամբ կիրառված քննության խորթ մեթոդների վերաբերյալ: «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից պատասխան դեռեւս չի ստացվել»:

Ինչ վերաբերում է նույն գողության գործով ոստիկանության բաժին բերման ենթարկված, հետագայում ազատ արձակված Նորայր Չիլյանին եւ Արայիկ Առաքելյանին, ապա Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ «Վահան Խալաֆյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործը Հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել 2010 թվականի ապրիլի 15-ին եւ քրեական գործի նյութերում այդ պահի դրությամբ որեւէ տեղեկություն չի եղել ոստիկանության Չարենցավանի բաժին բերման ենթարկված, այնուհետեւ ազար արձակված անձանց վերաբերյալ»: «Հետագայում է պարզվել, որ այդ անձինք հանդիսանում են Չարենցավան քաղաքի բնակիչներ, նրանցից Նորայր Չիլյանը ապրիլի 16-ին, իսկ Արայիկ Առաքելյանը ապրիլի 18-ին մեկնել են Հայաստանի Հանրապետությունից: Հիշյալ անձանց հայտնաբերելու ուղղությամբ տրվել է համապատասխան հանձնարարական», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG