Մատչելիության հղումներ

ՍՈՎԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնը ամփոփել է անցած ամսվա արդյունքներն ու հրապարակել է զեկույց, որի համաձայն` 2010 թվականի ապրիլին Ռուսաստանի տարբեր շրջաններում ռասիստների եւ ծայրահեղ ազգայնականների կողմից հարձակման է ենթարկվել 18 մարդ, որոնցից 3-ը սպանվել է։

Մոսկվայում զոհվել է 1 մարդ, 6-ը` վիրավորվել, Նիժնի Նովգորոդում` 1 զոհ, Օրյոլում` 1 զոհ եւ 1 վիրավոր, Սանկտ Պետերբուրգում` 5 վիրավոր, Սարատովում` 1, իսկ Ռյազանում 2 այլազգի ծեծի է ենթարկվել։

Կենտրոնը հաղորդում է, որ 2009-ի ապրիլին նույնպես զոհերի թիվը 3 էր, ծեծի էին ենթարկվել 27-ը։

2010 թվականի առաջին չորս ամսվա ընթացքում Ռուսաստանի 24 շրջաններում ազգայնամոլների հարձակումների հետեւանքով սպանվել է 15 եւ վնասվածք է ստացել առնվազն 103 մարդ։ Անցյալ տարվա նույն ժամանակահատվածում զոհերի թիվը 30 էր, վիրավորներինը` 149։

Այս տարվա առաջին չորս ամիսների ընթացքում 18 մեղադրական վճիռ է կայացվել ազգային թշնամանքի հատկանիշներով հանցանքներ կատարած 74 անձանց նկատմամբ։

Հանրության ուշադրության կենտրոնում Մոսկվայի քաղաքային դատարանի որոշումն է, որով Դմիտրի Դեմուշկինի ղեկավարած «Սլավոնական միությունը» ճանաչվել է ծայրահեղական կազմակերպություն։ Եթե Դեմուշկինը չկարողանա հասնել որոշման բեկանմանը, ապա Ռուսաստանում ծայրահեղական ճանաչված եւ ապօրինի հայտարարված կազմակերպությունների թիվը կհասնի 12-ի։

Ռուսաստանում բավական հաճախ հարձակումների են ենթարկվում «կովկասյան արտաքինով» մարդիկ, այդ թվում հայերը։ Մոսկվայում բնակվող անվանի իրավաբան Սիմոն Ծատուրյանը, ով դատարաններում բազմիցս է պաշտպանել հայերի շահերը, «Ազատություն» ռադիոկայանին հաղորդել է, որ այսօրվա դրությամբ իրավիճակը որոշ չափով բարելավվել է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG