Մատչելիության հղումներ

Մայիսի 5-ի մամուլ


«Առավոտ»-ի հարցին` արդյոք կա՞ պայմանավորվածություն, որ «Ժառանգության»-ը անդամակցած նախկին գլխավոր հյուպատոս Ռուբեն Հակոբյանը եւ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախկին փոխնախարար Կարինե Հակոբյանը առաջիկա համագումարում ընտրվելու են կուսակցության ղեկավար մարմնում, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը պատասխանել է. - «Մենք նման քննարկումներ ոչ մի անդամակցողի հետ չենք ունենում, եւ բնականաբար` չէր կարող բացառություն լինել նաեւ այս պարագայում: Եվ նաեւ չենք ուզում բացառել որեւէ տարբերակ` եթե համագումարը նպատակահարմար համարի նրանցից որոշների ներառումը ղեկավար մարմիններում»: «Ուղղակի հորինվածք է, թե կանխավ սակարկություններ են արվել` այն էլ կուսակցական ղեկավար տեղերի համար», - ընդգծել է Ստեփան Սաֆարյանը:

Չարենցավանի ոստիկանությունում մահացած Վահան Խալաֆյանի աղմկահարույց դեպքի առիթով «Հայոց Աշխարհ» թերթը գրում է. - «Անշուշտ, ահավոր է չարենցավանյան ողբերգությունը։ Ու ինչ էլ ասվի՝ 24-ամյա երիտասարդի կյանքը հետ չես բերի։ Բայց կատարվածի մասին տեղեկանալուց հետո պետությունը անում է այն, ինչ պետք է աներ եւ կաներ իրեն հարգող ցանկացած այլ պետական համակարգ, այսինքն՝ հայտնաբերել ու ամենայն խստությամբ պատժել մեղավորներին։ Եվ անել դա հրապարակայնորեն, բացահայտ, ինչպես ասվում է, բոլորին ի տես եւ ի խրատ»։

«Հայկական ժամանակ»-ին հարցազրույց է տվել Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի համաժողովի նախագահ Սուեր Բելասենը: Լրագրողը հարցնում է. - «Հայաստանում գտնվելիս Դուք նշել եք, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ չորս առաջնահերթ հարց էիք բարձրացրել՝ ազատ արձակել քաղբանտարկյալներին, ստեղծել արդար եւ անկախ հանձնաժողով, որը Մարտի 1-ի զոհերի սպանությունների բացահայտմանը կանդրադառնա, վերանայել արդարադատության համակարգը, ապահովել տեղեկատվության ազատությունը եւ նաեւ «Ա1+»-ի հեռուստաընկերության հարցն էինք բարձրացրել: Դուք կապ պահպանո՞ւմ եք Հայաստանի իշխանությունների հետ եւ փորձե՞լ եք ճշտել՝ նրանք մտադի՞ր են զբաղվել այդ խնդիրներով, թե՞ ոչ»: Բելասենը պատասխանում է. - «Սերժ Սարգսյանին ուղղված չորս հարցերն անդրադառնում են Հայաստանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ մեր հիմնական մտահոգություններին: Մենք համոզված ենք, որ իշխանությունները տեղյակ են այս բոլոր խնդիրներին, սակայն շատ բան պետք է արվի Հայաստանում մարդու իրավունքների վիճակը բարելավելու համար: Մենք կապի մեջ կմնանք իշխանությունների հետ՝ իրենց պարտավորությունները հիշեցնելու համար: Մենք նաեւ կարծում ենք, որ Երեւանում կազմակերպված արդարադատության վերաբերյալ ֆորումը ոչ միայն իշխանություններին էր ուղղված, այլեւ քաղաքացիական հասարակությանը»:

Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը «Հրապարակ» թերթում անդրադարձել է ղարաբաղյան բանակցությունների քսանամյա պատմությանը՝ հետեւյալ ընդհանրացումն անելով. - «Այն տրամաբանությունը, որով բանակցություններն ընթանում են այսօր, հիմնավորվել է դեռ 90-ականներին, եւ փաստացի մենք գրեթե 20 տարի միեւնույն բանակցային տրամաբանության պատանդներն ենք: Տարիների ընթացքում փաստացի փոփոխվել է բանակցությունների մասնակիցների ձեւաչափը՝ սկզբից Ղարաբաղ - Ադրբեջան, այնուհետեւ՝ Ղարաբաղ - Հայաստան - Ադրբեջան, հիմա՝ Հայաստան - Ադրբեջան: Ժամանակի ընթացքում Ղարաբաղի դերակատարությունն էապես նվազել է՝ եթե չի զրոյացել: Այս տեսանկյունից կարող եմ իմ դժգոհությունն արտահայտել կատարվածի կապակցությամբ, որովհետեւ մեր կողմից բանակցություններին համապատասխան լիցքեր չեն հաղորդվել, մենք սեփական բանակցային մտածողությամբ հանդես չենք եկել: Այսպես թե այնպես արձագանքել ենք ուրիշների առաջարկներին, եւ այդ առաջարկները երբեւէ մեր բոլոր շահերը չեն դիտարկել»:

«Ժամանակ» թերթին հարցազրույց է տվել Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը (ՀՅԴ): Հարցին, թե որքանո՞վ է իրատեսական համարում պատերազմի վերսկսման վտանգը, նա պատասխանել է. - «Ես նախկինում էլ եմ առիթ ունեցել ասելու, որ պատերազմը դեռ ավարտված չէ: Ընդամենը զինադադար է: Սակայն ցանկացած օր կարող է սկսվել պատերազմը: Այլ հարց է, որ սառեցված հակամարտությունների պատմության մեջ չկա նախադեպը, երբ այսքան երկար սառեցնելուց հետո պատերազմը վերսկսվի: Էլ չենք ասում ՝ Լեռնային Ղարաբաղի հարցում պատերազմի վտանգը, քանի որ հակառակորդը շատ լավ գիտի, որ մեր բանակը բավական մարտունակ է, զինված ուժերը ե'ւ զինվածության, ե'ւ զինտեխնիկայի, ե'ւ բարոյահոգեբանական առումով գերազանցում են նրանց: Հակառակորդի բանակը չունի համապատասխան մարտունակությունը: Այնտեղ տարածված են ե'ւ հանցագործությունները, ե'ւ թմրաբիզնեսը: Բացի այդ, նոր սերունդն այնտեղ լավ գիտակցում է, որ եթե անգամ իրենց ուղարկեն պատերազմ, ապա նրանք կռվելու են օտար հողի համար: Մինչդեռ Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստանում մարդիկ գիտակցում են, որ հարկ եղած դեպքում պաշտպանում են մեր հայրենիքը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG