Մատչելիության հղումներ

Պաշտպանության նախարարության նախկին աշխատակիցը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման


Հայաստան -- Զրահամեքենաները հսկողություն են իրականացնում Երեւանի փողոցներում, 2-ը մարտի, 2008թ.
Հայաստան -- Զրահամեքենաները հսկողություն են իրականացնում Երեւանի փողոցներում, 2-ը մարտի, 2008թ.

Պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության վարչության նախկին պետ Արմեն Սարգսյանը, ով մեղադրվում է ՊՆ-ի հույժ գաղտնի հրամանի հրապարակման մեջ, երեքշաբթի օրը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման, իսկ նույն վարչության ինֆորմացիոն խմբի ղեկավար Լյուսյա Այվազյանը` 1 տարվա ազատազրկման:

Այվազյանը ազատ արձակվեց դատարանի դահլիճից, քանի որ Ավան եւ Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանը վճռեց ազատազրկման ձեւով պատիժը նրա նկատմամբ պայմանականորեն չկիրառել՝ նշանակելով 1 տարվա փորձաշրջան։

Արմեն Սարգսյանը եւ Լյուսյա Այվազյանը ձերբակալվել են անցած տարեվերջին մամուլում պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի 2008-ի փետրվարի 23-ի հույժ գաղտնի հրամանի քաղվածքի մի քանի կետերի հրապարակման առնչությամբ: Արմեն Սարգսյանը Պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության վարչության պետի պաշտոնից ազատվել է 2008 թվականի աշնանը:

Ապրիլի 23-ի դատական նիստում նրանք ընդունել էին իրենց առաջադրված մեղադրանքը եւ գործով նշանակվել էր արագացված կարգով դատաքննություն:

Դատարանում հրապարակված մեղադրական եզրակացության համաձայն, 2009-ի նոյեմբերին Սարգսյանը Լյուսյա Այվազյանից խնդրել է պատճենահանել հույժ գաղտնի հրամանի քաղվածքը եւ փոխանցել իրեն: Այնուհետեւ, ըստ մեղադրող կողմի, 2009 թվականի դեկտեմբերին հույժ գաղտնի հրամանի քաղվածքը տպագրվել է մամուլում:

Պաշտպանության նախկին նախարարի այս հույժ գաղտնի հրամանի քաղվածքի հրապարակված մասի համաձայն, 2008-ի մարտիմեկյան իրադարձություններից օրեր առաջ զինված ուժերի ողջ անձնակազմին հրահանգվել է տեղափոխել զորանոցային վիճակի, պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատի վարչություններում, առանձին բաժիններում ստեղծել տաբելային զենքով զինված սպայական խմբեր։

Ընդդիմադիր մամուլը սա որակել էր «ռազմական հեղաշրջման» հրաման, մինչդեռ պաշտպանության նախարարությունն ու կառավարությունը հերքում են զինված ուժերը ներքաղաքական իրադարձություններում ներգրավելու վերաբերյալ վարկածները, պնդելով, որ դա ընդամենը զինված ուժերը «Զորանոցային վիճակի բերելու» վերաբերյալ իրավական ակտ է եւ չի կարող գնահատվել որպես զինված ուժերի օգտագործում վկայակոչող ակտ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG