Մատչելիության հղումներ

Ե՞րբ կսկսի աշխատել «Նաիրիտ գործարան» ընկերությունը


«Նաիրիտ» ընկերության արտադրամասերից մեկը:

«Նաիրիտ» ընկերության արտադրամասերից մեկը:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Չինաստանում մասնակցել է քլորոպրենային կաուչուկի արտադրության «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության բացման հանդիսավոր արարողությանը, մինչդեռ քիմիական արդյունաբերության երբեմնի հսկա «Նաիրիտ»-ից առանձնացված մյուս ձեռնարկությունը՝ Երեւանի «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն դեռեւս արտադրանք չի տալիս:

Մոտ 10 տարի առաջ Հայաստանի իշխանությունները «Նաիրիտ»-ը երկու մասի բաժանեցին եւ դրանց բաժնետոմսերն առանձին-առանձին վաճառեցին օտարերկրյա տարբեր ընկերությունների:

Չինաստանում երեկ բացված ձեռնարկության բաժնետոմսերի 40 տոկոսը տնօրինող Հայաստանի կառավարությունը իր ներդրումներն իրականացրել է տեխնոլոգիաների եւ սարքավորումների տեսքով:

Չինաստան տեղափոխված կաուչուկի արտադրության երրորդ հոսքագիծը, ըստ պատգամավոր Արա Նռանյանի (ՀՅԴ), կարող էր ապահովել «թե' ժամանակակից տեխնոլոգիա, թե' արդյունավետություն, թե' արտադրության անհրաժեշտ ծավալ»:

«Փաստորեն վաճառվեց չինացիներին, եւ, կարելի է ասել, առանց այդ հոսքագծի, ես չեմ կարծում, որ «Նաիրիտ»-ը կդառնա լուրջ ձեռնարկություն», - երեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրուցում շարունակեց Նռանյանը՝ հավելելով, որ չինացիներին ոչ թե հոսքագիծը, այլ հենց տեխնոլոգիան էր պետք:

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պնդեց, որ հիշյալ գործարքից Հայաստանը տնտեսական առումով ոչինչ չշահեց:

«Դեռեւս այն ժամանակ պարզ էր, որ այդ գործարքը ոչ թե Հայաստանի շահերից ելնելով էր, այլ անձնական նկատառումներից ելնելով: Տվյալ դեպքում՝ Ռոբերտ Քոչարյանի անձնական շահն էր հետապնդում, որովհետեւ զուտ բիզնեսի տեսակետից՝ դուք վաճառում եք մի արտադրություն, որը, ըստ էության, աշխարհում մենաշնորհ կարգավիճակ ուներ: Եվ վաճառվեց նրանց [չինացիներին] ամենաթարմ տեխնոլոգիական հոսքագիծը»:

Հայաստանի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսեսյանը անցած շաբաթ հայտարարել էր, թե Երեւանի «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն վերագործարկվելու է 10-15 օրվա ընթացքում, մինչեւ տարեվերջ ավարտվելու է բուտադիենային տեխնոլոգիային անցումը եւ սկսվելու է բուտադիենային կաուչուկի արտադրությունը:

«Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 90 տոկոսը պատկանում է «Ռինովիլ Փրոփերթի» ընկերությանը, որը պատգամավոր Արա Նռանյանի խոսքով, օֆշորային գոտում գրանցված ընկերություն է, եւ «թույլ կապ ունի Մեծ Բրիտանիայի հետ»:

Նա հիշեցրեց, որ ինքը ժամանակին Ազգային ժողովում կառավարությանը հարց էր ուղղել, թե արդյո՞ք մեր խոշորագույն ձեռնակությունը չի դարձել այդպիսի խոշոր օֆշորային կազմակերպությունների կողմից առուծախի առարկա: Եվ իր հարցը մնացել էր անպատասխան:

Ընդհանրապես, պատգամավորի կարծիքով, կառավարությունը խիստ գաղտնի է պահում «Նաիրիտ»-ի գործունեությանն առնչվող հարցերը:

Անդրադառնալով նախարար Մովսեսյանի հայտարարությանը բուտադիենային կաուչուկի արտադրությունը վերսկսելու մասին, Արա Նռանյանը ասաց, որ դրա համար անհրաժեշտ հումքը Հայաստան տեղափոխելու հետ կապված խնդիրներ կան:

«Դրա համար ցանկալի է երկաթուղային կայուն կապ ունենալ արտաքին աշխարհի հետ», - ասաց նա:

Ըստ Վահագն Խաչատրյանի, արտադրությունը վերսկսելու համար հեղուկ քլոր է անհրաժեշտ, իսկ այդ հումքը երկաթուղով Հայաստան տեղափոխելու առնչությամբ տնտեսագետը պնդեց. - «Հնարավորությունը չկա, որովհետեւ նույնպես 90-ականներին, ես շատ լավ տեղյակ եմ, երբ «Նաիրիտ» գործարանը էլի նույն պրոբլեմների առաջ էր կարգնում, այն ժամանակ դադարեցվեց, եւ պատճառը միայն նա էր, որ երկաթուղային կապը չկար... Առավել եւս այսօրվա Հայաստանի երկաթուղու տեխնիկական պատրաստության առումով՝ տեղափոխելը անհնար է»:
XS
SM
MD
LG