Մատչելիության հղումներ

Տհաճ անակնկալ Թուրքիայի վարչապետ Էրդողանի համար


Երեկ Թուրքիայի խորհրդարանը քվեարկությամբ մերժել է սահմանադրական փոփոխությունների փաթեթի առանցքային դրույթներից մեկը, ըստ որի գրեթե անհնարին էր դառնալու երկրում քաղաքական կուսակցություններ արգելելը։

Ամբողջ փաթեթն ընդունելու համար անհրաժեշտ է 550-տեղանոց Ազգային մեծ ժողովի 367 պատգամավորների աջակցությունը։ Հավանության արժանանալուց եւ նախագահ Աբդուլա Գյուլի կողմից վավերացվելուց հետո փաթեթը պետք դրվի համաժողովրդական հանրաքվեի։

Առաջարկված 30 փոփոխություններից յուրաքանչյուրը պետք է ստանա առնվազն 330 քվե, այլապես դուրս է հանվելու փաթեթից։ Հենց դա էլ տեղի է ունեցել կուսակցությունների մասին օրենքի լրամշակման հետ, որի օգտին քվեարկել է 327 պատգամավոր։

Վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը երեկ հայտարարել է, թե ինքը, միեւնույն է, առաջ է տանելու բարեփոխումների ծրագիրը։ - «Մենք շարունակելու ենք մեր կուրսը, սահմանադրական փոփոխությունների փաթեթից հրաժարվելու հարց օրակարգում չկա»,- ասել է Էրդողանը։

Երեք քվեի պակասը ցավալի հարված է վարչապետ Էրդողանի համար։ «Դա սահմանադրական բարեփոխումների փաթեթի ամենակարեւոր հոդվածներից էր։ Փաստորեն, Էրդողանն ու նրա շրջապատը ձախողվել են»,- ասել է «Եվրասիա» կենտրոնի քաղաքական ռիսկերի հարցերով վերլուծաբան Վոլֆգանգո Պիկոլին եւ ավելացրել.- «Առաջիկա կարճ ժամանակաշրջանում իրավիճակը որոշ չափով կհանդարտվի, պետք է տեսնենք, թե ինչ բախտի կարժանանան վիճահարույց մնացած լրամշակումները»։

Էրդողանի գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը Թուրքիայի Ազգային մեծ ժողովում ունի 335 տեղ, այսինքն՝ կուսակցության մի քանի պատգամավոր խախտել է կարգապահությունն ու կողմ չի քվեարկել կառավարության ներկայացրած նախագծին։

Վերլուծաբան Չենգիզ Աքթայի համոզմամբ, ազգայնական հայացքներ դավանող օրենսդիրները դեմ են քվեարկել, որովհետեւ գործող օրենքը ընձեռում է հարկ եղած դեպքում քրդական կուսակցությունը փակելու հնարավորություն։

Թուրքիայում 1982 թվականի զինվորական հեղաշրջումից հետո ընդունված Սահմանադրությունը թույլ է տալիս փակել ցանկացած կուսակցություն, եթե իրավապահները կհաստատեն, որ այն սպառնում է հանրապետության անվտանգությանը կամ աշխարհիկ կարգերին։

Անցած երեք տասնամյակների ընթացքում Թուրքիայում օրենքից դուրս է հայտարարվել շուրջ 20 կուսակցություն։ Նախկինում փակվելու վտանգի տակ է հայտնվել նաեւ «Արդարություն եւ զարգացում»-ը։ Եվրոպական Միությունը բազմիցս է Անկարային հորդորել` բարեփոխել կուսակցությունների մասին օրենքը։ Քչերն են ենթադրել, որ Էրդողանի նախաձեռնությունը կձախողվի։

«Մենք չէինք սպասում նման բան։ Մենք շփոթված ենք եւ հիասթափված։ Մեր շարքերից 8-9 պատգամավոր դեմ է քվեարկել, ուրեմն, կուսակցությունը չի կարողանում իր պատգամավորներին պարտադրել` հավանություն տալ բարեփոխումներին»,- ասել է օրենսդիր Նուրեթդին Քանըքլին։

Այս շաբաթ քվեարկության կդրվի եւս երկու կարեւոր լրամշակում։ Առաջինը վերաբերում է Դատավորների եւ դատախազների գերագույն խորհրդին, երկրորդը` Սահմանադրական դատարանին։

Ընդդիմությունը պահանջում է դատական կարգով արգելել այդ բարեփոխումները։

Վարչապետ Էրդողանն օրերս հայտարարել է, որ բարեփոխումների ձախողման դեպքում ինքը կպահանջի անցկացնել Ազգային մեծ ժողովի արտահերթ ընտրություններ։ Դրանք, հավանաբար, տեղի կունենան այս տարվա աշնանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG