Մատչելիության հղումներ

Վրաստանում մեկնարկեցին «Հայ մշակույթի սեզոնները»


Վրաստանի մայրաքաղաքում երկուշաբթի օրը տեղի է ունեցել «Հայ մշակույթի սեզոնների» հանդիսավոր բացումը: Միջոցառումների շարքը անցկացվում է հարեւան երկու երկրների մշակույթի նախարարությունների միջեւ պայմանավորվածության համաձայն: Հայաստանում «Վրաց մշակույթի սեզոնները» անցկացվել են անցալ տարի:

Ողջ տարվա ընթացքում ամենատարբեր մշակութային միջոցառումներ նախատեսող «Հայ մշակույթի սեզոնների» հանդիսավոր բացմանը մասնակցել է
Հայաստանի մշակույթի գործիչների 80 հոգանոց պատվիրակությունը:

Թբիլիսի է մեկնել Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, Սպենդիարյանի անված օպերայի եւ բալետի թատրոնի բալետային պարախումբը, Արամ Խաչատրյանի անվան լարային քառյակը, թատերախմբեր, գեղանկարիչներ, այլ արվեստագետներ:

Հայաստանից մեկնած արվեստագետներին կմիանան նրանց վիրահայ գործընկերները, այդ թվում, անշուշտ, Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի դերասանախումբը:

Հայաստանի պատվիրակության ղեկավար, Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում փոխանցեց, որ հայ արվեստագետները արժանացել են «շատ լավ ընդունելության»:

Հարցին, թե մտադի՞ր է արդյոք տեղի պատասխանատուների հետ քննարկել Վրաստանում հայկական հուշարձանների պահպանության հարցը, Պողոսյանը պատասխանեց. - «Այսօր ես հանդիպելու եմ Վրաստանի մշակույթի փոխնախարարի հետ, եւ օրակարգում մենք ունենք հարցեր պատմամշակութային հուշարձանների, մասնավորապես՝ Մուղնիի Սուրբ Գեւորգ եկեղեցու նախագծանախահաշվային աշխատանքների համակարգման առումով: Փորձելու ենք մի ձեւաչափ ստեղծել կամ առաջարկել վրացական կողմին, որ այդ [հայկական պատմամշակութային հուշարձանների] խնդիրներով զբաղվող համապատասխան ինչ-որ մի խորհուրդ ստեղծվի: Առաջարկ է լինելու նաեւ աշնանը կամ այստեղ կամ մեզ մոտ պատմամշակութային հուշարձանների պահպանման թեմայով կլոր սեղան կազմակերպել»:

Այսօր, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հայաստանի մշակույթի նախարարության միջազգային համագործակցության եւ Սփյուռքի վարչության գլխավոր մասնագետ Սվետա Սահակյանը, Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան պետական ակադեմիական թատրոնում տեղի է ունենալու Հայ մշակույթի օրերի գալա-համերգը: Իսկ ողջ տարվա ընթացքում, մեր արվեստագետները բազմաթիվ առիթներ կունենան ներկայանալու վրաց արվեստասերներին:

Սահակյանը նաեւ փոխանցեց, որ արդեն երեկ բացվել են Զավեն Սարգսյանի լուսանկարների ցուցահանդեսը, որտեղ ներկայացված է Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը, եւ երիտասարդ գեղանկարչուհի Արեւիկ Պետրոսյանի ցուցահանդեսը: Վիրահայ գեղանկարիչները ներկայացել են առանձին ցուցահանդեսով, որը նույնպես բացվել է երեկ:

Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Վան Բայբուրդը «Ազատություն» ռադիոկայանին պատմեց, թե ինչպես են վրաց արվեստասերները ընդունում հայ արվեստագետներին. - «Այդ համերգներին, այդ ցուցահանդեսներին վրաց հասարակությունը գալիս էր ու գալիս էր: Իմիջիայլոց պետք է ասեմ, որ շատ էին նաեւ Թբիլիսիի ադրբեջանցիները, քրդերը, հրեաները: Ես համարում եմ, որ սա մեծ տոն է»:
XS
SM
MD
LG