Մատչելիության հղումներ

«Ա1+»-ի «կոնցեպցիան» նույնն է լինելու


«Ա1+» հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատմում է մայիսի 15-ից գործել սկսող իրենց ինտերնետային հեռուստաալիքի մասին:

«Ժամանակակից տեխնոլոգիաները զարգանում են, եւ մենք չենք կարող թույլ տալ, որ զարգացող տեխնոլոգիաները մեզ թողնեն հետեւում», - հիմնավորելով ինտերնետային հեռարձակման անհրաժեշտությունը՝ ասաց Մովսեսյանը, եւ շարունակեց. - «Մենք վաղուց մտադրություն ունեինք ինտերնետ հեռարձակման, սակայն ինտերնետ պրովայդերների վատ աշխատանքը, որը չէր ապահովում արագություն, թույլ չէր տալիս անդրադառնալ դրան: Հիմա մի քայլ առաջ են գնացել բոլորը, եւ մենք ուզում ենք փորձել այդ հնարավորությունը»:

Ավելի քան 8 տարի առաջ, փորձագետների պնդմամբ՝ քաղաքական դրդապատճառներով եթերազրկված հեռուստաընկերության նոր՝ ինտերնետային տարբերակը, տնօրենի խոսքով, կունենա իր առանձնահատկությունները. - «Ինտերնետ ֆորմատները մի քիչ ուրիշ պահանջներ են ներկայացնում: Սակայն կոնցեպցիան «Ա1+»-ի պետք է նույնը լինի՝ լինել ազատ, անկախ, անաչառ եւ ժամանակին լուր հասցնել ժողովրդին»:

Հարցին, թե հնարավոր համարում է, որ խոչընդոտվի իրենց ինտերնետային հեռարձակումը, Մեսրոպ Մովսեսյանը արձագանքեց. - «Խոչընդոտներ պետք է չլինեն: Եթե կան մարդիկ, որոնք պատրաստում են խոչընդոտներ, ես համարում եմ, որ դա ի վնաս իրենց կաշխատի: Որովհետեւ կան միջազգային նորմեր»:

Մովսեսյանը ասաց, որ հեռուստաընկերությունը մտադիր է մասնակցել հուլիսի 20-ին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի հայտարարելիք հեռուստակապուղիների մրցույթին:

Տարբեր գնահատականներով, Հայաստանում ինտերնետ ծառայություններից օգտվում է բնակչության մինչեւ 20 տոկոսը:

Հայաստանում արագ իտերնետային կապ ապահովող ընկերություններից «ԱրմենՏել»-ի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Մենք ունենք մոտավորապես 40 հազար Hi-line-ի բաժանորդ, դրանցից մոտավորապես 70 տոկոսը հնարավորություն ունեն առանց խափանումների նայել You Tube-ի կամ այլ հոսթինգների տեսահոլովակները»:

Հարցին, թե Հայաստանում կա՞ն բավարար պայմաններ ինտերնետային հեռուստաընկերությունների գործունեության համար, Բեղլոյանը պատասխանեց. - «Ամեն բան կախված է նրանից, թե ինչքան է պատրաստ հաճախորդը վճարել այդ ծառայության համար: Այդ ծառայությունները գոյություն ունեն, սակայն դրանց գները դեռեւս չեն բավարարում մեր սպառողներին»:

Անդրադառնալով ինտերնետում հայկական բովանդակություն ապահովելու նոր փորձին՝ Անուշ Բեղլոյանն ասաց. - «Յուրաքանչյուր բովանդակություն, որը կտեղադրվի Հայաստանի ներսում, հնարավորություն կլինի մեր տեղական օգտագործողների համար այդ բովանդակությունը դիտել շատ արագ ձեւով, քան այն բովանդակությունը, որը տեղադրված է արտասահմանյան սերվերների վրա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG