Մատչելիության հղումներ

Մարի Յովանովիչ. «Դրական է այն, որ այս տարի առաջին անգամ Թուրքիայում նշվեց ապրիլի 24-ը»



Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանի համոզմամբ, հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացի կասեցման մասին ուղերձով նախագահ Սերժ Սարգսյանը պարզ դարձրեց, որ Հայաստանը չի դադարեցնում Թուրքիայի հետ մերձեցման գործընթացը, այլ սպասում է այն ժամանակին, երբ Թուրքիան ավելի պատրաստ կլինի դրան։ Երեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Մարի Յովանովիչը ողջունեց նախագահ Սարգսյանի որոշումը` կենդանի պահել գործընթացը։

«Մենք կարծում ենք, որ այդպիսով կողմերը հնարավորություն են ստանում աշխատել խաղաղության, կայունության եւ հաշտեցման տեսլականի ուղղությամբ: Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել երկու երկրների հարաբերությունների բարելավմանը, ինչպես նաեւ շարունակում է կողմերին հորդորել` անել հնարավորը կարգավորման պատուհանը բաց պահելու համար», - մանրամասնեց ԱՄՆ-ի դեսպանը։

Արձանագրությունների վավերացման կասեցումը հայկական կողմը բացատրում է այն հանգամանքով, որ Թուրքիան խախտել է բոլոր խելամիտ ժամկետներն ու շարունակում է Հայաստանի հետ խոսել նախապայմանների լեզվով: «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե Վաշինգտոնն ընդունո՞ւմ է, որ գործընթացի կասեցման մեղքն իսկապես թուրքական կողմինն է, Մարի Յովանովիչը պատասխանեց. - «Համոզված չեմ, թե տվյալ դեպքում մեղավոր փնտրելը կոնստրուկտիվ կլիներ: Կարող եմ արձանագրել միայն, որ Միացյալ Նահանգների դիրքորոշումն այս հարցում միշտ հստակ է եղել։ Վերահաստատեմ այն` հայ-թուրքական մերձեցման գործընթացը պետք է առաջ գնա խելամիտ ժամկետներում եւ առանց նախապայմանների»։

ԱՄՆ-ի դեսպանը հատուկ ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ վերջին երեք տարիների ու հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում ականատես եղանք Հայաստանի եւ Թուրքիայի հասարակությունների, ժողովուրդների փոխադարձ ձգտմանն ու հետաքրքրությանը` ուղղված միմյանց ավելի լավ ճանաչելուն, միմյանց հետ կապեր հաստատելուն:

«Այսօր ինչպես Թուրքիայի, այնպես էլ Հայաստանի ժողովուրդները հասկանում են, որ սա ինչ-որ առումով պատմական անոմալիա է, երբ 21-դարում Եվրոպայում կան փակ սահմաններ, եւ այդ վիճակը չի կարող շարունակվել։ Ժողովուրդների, սովորական մարդկանց փոխճանաչումն ու մերձեցումը հենց այն հիմքն է, որի օգնությամբ պետք է ծավալվի հետագա քաղաքական եւ դիվանագիտական աշխատանքը», - կարծիք հայտնեց Մարի Յովանովիչը։

«Ես ինքս այս ընթացքում թուրքերի շատ խմբեր տեսա այստեղ` Հայաստանում. ուսանողներ, տուրիստական գործակալներ, ովքեր հետաքրքրված են այստեղ գործարարությամբ զբաղվելու հարցում: Կարծում եմ, այս ամենը շատ դրական է: Դրական է նաեւ այն, որ այս տարի առաջին անգամ Թուրքիայում նշվեց ապրիլի 24-ը` հայերի հիշատակի օրը», - ասաց ԱՄՆ-ի դեսպանը՝ հավելելով, թե լինում են ժամանակներ, երբ կառավարությունն է առաջնորդում ժողովրդին, սակայն լինում են նաեւ այնպիսի ժամանակներ, երբ ժողովուրդն է առաջնորդում կառավարությանը:

Ղարաբաղի հարցում «միակողմանի զիջումներ չեն ակնկալվում»


Հայաստանյան մի շարք ընդդիմադիր գործիչներ պնդում են, որ հայ-թուրքական գործընթացը վերակենդանացնելու համար միջազգային հանրությունը սկսելու է ուժեղ ճնշում գործադրել Սերժ Սարգսյանի վրա` Ղարաբաղի հարցում առաջընթաց ունենալու համար, ինչը հղի է հայկական կողմի համար անընդունելի զիջումների վտանգով: Հարցին, թե որքանո՞վ են արդարացված այսօրինակ մտահոգությունները՝ դեսպան Յովանովիչը պատասխանեց, որ անկախ ամեն ինչից, ղարաբաղյան կարգավորումը շատ կարեւոր եւ անհրաժեշտ գործընթաց է ողջ տարածաշրջանում կայունության ապահովման առումով:

«Իսկ ինչ վերաբերում է ճնշումներին, ապա չեմ կարծում, թե միջազգային հանրության անդամ որեւէ երկիր այս հակամարտության որեւէ կողմից ակնկալում է իրենց ազգային անվտանգությանը սպառնացող միակողմանի զիջումներ: Ինչպիսի համաձայնության էլ որ կողմերը հասնեն, լինի դա Մինսկի խմբի կամ այլ բանակցությունների միջոցով, նրանք դրանում պետք է տեսնեն իրենց իրական շահը: Կողմերը պետք է նաեւ ընդունեն, որ լուծման համար պետք են փոխզիջումներ, սակայն պետք է ընդգծեմ, որ ո՛չ Հայաստանից, ո'չ էլ Ադրբեջանից միակողմանի զիջումներ չեն ակնկալվում», - հավելեց Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանը։

ԱՄՆ-ը հետեւում է Հայաստանում ժողովրդավարական գործընթացներին


Անդրադառնալով 2008 թվականի հետընտրական զարգացումներին եւ մարտիմեկյան իրադարձություններին՝ Մարի Յովանովիչը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում վերահաստատեց, որ Միացյալ Նահանգները շարունակում է ուշադրությամբ հետեւել Հայաստանում ընթացող ժողովրդավարական գործընթացներին: Ըստ դեսպանի, այդ հարցը Վաշինգտոնում ունեցած հանդիպման ժամանակ քննարկել են նաեւ նախագահներ Օբաման եւ Սարգսյանը:

«Կարող եմ վստահեցնել, որ Հայաստանում ժողովրդավարության հետ կապված խնդիրները շատ կարեւոր են մեզ համար, եւ մենք մեր մտահոգությունները բավական համակողմանիորեն արտահայտել ենք [Պետդեպարտամենտի] մարդու իրավունքների մասին զեկույցում», - հիշեցրեց դեսպանը՝ հավելելով. - «Բոլորիս համար շատ կարեւոր է, որ մենք այս վիճակի բարելավման համար փորձենք համապատասխան միջավայր ստեղծել»։

Ըստ նրա, անցած երկու տարիների ընթացքում Հայաստանի իշխանությունները կատարել են դրական քայլեր, օրինակ` համաներման հայտարարումը, ինչն ամերիկյան կողմը ողջունում է:

«Այդ ուղղությամբ աշխատանքը, սակայն, պետք է շարունակվի, որպեսզի ապահովվի յուրաքանչյուր անհատի ազատ եւ արժանապատիվ ապրելու իրավունքը», - հավելեց դեսպանը՝ նշելով, որ Միացյալ Նահանգներին շարունակում է մտահոգել մարտիմեկյան իրադարձությունների հետեւանքով դեռեւս ազատազրկման վայրերում գտնվող մարդկանց հարցը։
XS
SM
MD
LG