Մատչելիության հղումներ

logo-print

Աշոտ Մանուկյանի պաշտպանները դիմել են Վճռաբեկ դատարան


Հայոց համազգային շարժում կուսակցության Լոռու մարզային կառույցի ղեկավար, մարտիմեկյան իրադարձությունների հետեւանքով անազատության մեջ գտնվող Աշոտ Մանուկյանի պաշտպանական կողմը Վճռաբեկ դատարանից պահանջում է արդարացնել նրան` վերանայելով 2008-ի դեկտեմբերին կայացրած դատական ակտը:

Իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու մեղադրանքով 5 տարվա ազատազրկման դատապարտված Աշոտ Մանուկյանը Առաջին ատյանի դատարանի այս որոշումը նախկինում բողոքարկել էր ե՛ւ Վերաքննիչ ե՛ւ Վճռաբեկ դատարաններում: Վերաքննիչը վճիռը թողել էր անփոփոխ, իսկ Վճռաբեկը ընդհանրապես մերժել էր բողոքի վարույթ ընդունումը: Մեկ ամիս առաջ Սահմանադրական դատարանը մասամբ բավարարեց Մանուկյանի դիմումը եւ արձանագրեց, որ նրա դատավարության ընթացքում տեղի են ունեցել օրենքի կիրառության խախտումներ։ Հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի որոշումը՝ Աշոտ Մանուկյանի պաշտպանական կողմը որոշեց նորից դիմել Վճռաբեկ դատարան: Ըստ Մանուկյանի ներկայացուցիչ Արտակ Վճռաբեկ դատարանի համար դատական ակտը վերանայելու հիմքեր կան։

«Պահանջում ենք, որպեսզի քննվեն մեր պահանջները եւ Աշոտ Մանուկյանը արդարացվի։ Միեւնույն ժամանակ այդ վճռաբեկ բողոքը ի գիտություն ուղարկել ենք ե՛ւ Մարդու իրավունքների պաշտպանին, ե՛ւ Սահմանադրական դատարանին», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Զեյնալյանը։

Աշոտ Մանուկյանի գործը ընդդիմությունը բնորոշում է որպես «Մարտի 1-ի ամենախայտառակ գործերից մեկը»: Մանուկյանը ձերբակալվեց 2008-ի մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ՝ ոստիկանների ցուցմունքների հիման վրա: Դատաքննության սկզբում նա մեղադրվում էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ, որի համար առավելագույնը 5 տարվա ազատազրկում էր նախատեսվում: Սակայն դատաքննության կեսից մեղադրողը միջնորդեց ծանրացնել մեղադրանքը եւ հարուցել նոր մեղադրանք՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնության հոդվածի հատկանիշներով, որի դեպքում պատիժը 5-ից 10 տարվա ազատազրկումն էր: Մեղադրող կողմի հիմնավորումն այն էր, որ նոր ապացույցներ էին ձեռք բերվել, որոնք վկայում էին, որ Մանուկյանը քարով հարվածել էր ոստիկանին։

Աշոտ Մանուկյանը Սահմանադրական դատարանում վիճարկում էր Քրեական դատավարության օրենսգրքի 309 պրիմ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 5-րդ մասերի սահմանադրականությունը: Հիշյալ հոդվածը մեղադրող կողմին հնարավորություն է տալիս դատաքննության ընթացքում գործը ետ կանչել, խստացնել կամ մեղմացնել մեղադրանքը: Եթե ՍԴ-ն ամբողջությամբ բավարարեր բողոքը, դա կարող էր Աշոտ Մանուկյանին ազատ արձակելու հնարավորություններ տալ:

Մանուկյանի գործով բողոքն ուղարկվել է նաեւ Մարդու իրավունքների Եվրոպական դատարան:
XS
SM
MD
LG