Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւը 40 «Մամուլի գիշատիչների» ցանկում


«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը երկուշաբթի օրը հրապարակել է մամուլի թշնամիների ցանկը` 40 քաղաքական, կառավարական գործիչներ, կրոնական առաջնորդներ արժանացել են «Մամուլի գիշատիչ» տիտղոսին:

«Նրանք շատ ազդեցիկ են, վտանգավոր, դաժան եւ գործում են օրենքից դուրս», - նկատել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը: - «Նրանք չեն հանդուրժում մամուլի ներկայացուցիչներին, լրագրողներին վերաբերվում են որպես թշնամիների եւ ամենատարբեր ձեւերով հարձակումներ գործում նրանց վրա»:

Ցանկում հայտնվել են 17 երկրների նախագահներ, կառավարությունների մի քանի ղեկավարներ, նրանց թվում` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը, Չինաստանի առաջնորդ Հու Ձինթաոն,Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոն, Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը:

Շատ երկրներում իրավիճակը մամուլի ազատության առումով վատթարացել է: Զեկույցի հեղինակները կարծիք են հայտնում, որ այդ երկրների թվում է նաեւ Իրանը, մանրամասնելով, որ այդ երկրի բանտերում շարունակում են պահվել զանգվածային լրատվության միջոցների չորս տասնյակ ներկայացուցիչներ:

«Վերահսկողությունը ԿԳԲ-ի նախկին սպայի համար ամենահիմնական` բնորոշող բառն է», - ասված է միջազգային կազմակերպության հրապարակած զեկույցի` Ռուսաստանին վերաբերող մասում. - «Վերահսկողություն, որ սահմանված է ողջ երկրի` տնտեսության, քաղաքականության, զանգվածային լրատվամիջոցների նկատմամբ»: «Միայն 2009 թվականի ընթացքում այս երկրում 5 լրագրող է սպանվել», - շեշտել է կազմակերպությունը:

Մամուլի թշնամի ճանաչված գործիչներից շատերը դեռ անցած տարվա ցուցակից են տեղափոխվել նորը, սակայն կան այնպիսիք, ովքեր առաջին անգամ են այս ցանկում հայտնվում, օրինակ` Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը, որին կազմակերպությունը բնորոշում է իբրեւ Կրեմլից ղեկավարվող պաշտոնյա:

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության ներկայացուցիչները նրա հետ հանդիպել են 2009 թվականի մարտին:

«Որեւէ մեկին չեն կարող խաբել Կադիրովի հավաստիացումները, թե ինքը հանդուրժողականության եւ մամուլի ազատության ջատագով է: Բավական է հիշել Չեչնիայի թեմաներով գրող Աննա Պոլիտկովսկայայի եւ Նատալյա Էստեմիրովայի սպանությունները, համապատասխանաբար` Մոսկվայում 2006-ի հոկտեմբերին եւ Գրոզնիում 2009-ի հուլիսին: Այս երկու սպանություններն էլ կապված են Ռամզան Կադիրովի հետ, ինչպես նաեւ նրա իշխանության օրոք Չեչնիայում հաստատված տեռորի պայմաններում կատարված շատ այլ սպանությունները», - ասված է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության զեկույցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG