Մատչելիության հղումներ

logo-print

ՄԱԿ-ի տվյալներով` 2009 թվականի ընթացքում իր աշխատանքային պարտականությունները կատարելիս աշխարհում 77 լրագրող է սպանվել: Լրագրողների միջազգային դաշնության տվյալներով` այդ թիվը հասնում է 139-ի: Մամուլի ազատության միջազգային օրվա կապակցությամբ լրագրողները քննարկեցին Հայաստանում լրագրության ազատության սահմանները:

Մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանի կարծիքով` «լրագրողը պետք է նաեւ խոշտանգումների ենթարկվի», ինչն, ըստ նրա, լրագրողի մասնագիտական բարձր որակի ապացույցներից է:

Ամբողջ աշխարհում եւ Հայաստանում լրագրության զարգացումն ու այսպես կոչված «ազատանալը» մարդիկ կապում են արդեն ոչ այնքան հեռուստա-ռադիո կամ տպագիր լրագրության հետ, այլ` ինտերնետային, որն ավելի արագ է, ազատ ու անկառավարելի: «Լրագրողներ` հանուն ապագայի» կազմակերպության ղեկավար Սուրեն Դեհերյանը պնդում է, որ «հանրությունն այսօր արագ ու հասանելի տեղեկատվություն փնտրում է հենց ինտերնետում»։

Վիրտուալ գործիքների առավելությունները հատկապես լավ են հասկանում բլոգերները եւ հատկապես այն երկրների բլոգերները, որտեղ խոսքի ազատության խնդիրներ կան: Բլոգը ԶԼՄ չէ, բայց բլոգերը կարող է լրագրությամբ զբաղվել եւ իր բլոգը դարձնել ոչ պաշտոնական, բայցեւ չկառավարվող ինֆորմացիայի աղբյուր, ինչը բլոգեր Բլանշը մեծ առավելություն է համարում։

«Բլոգի շնորհիվ ցանկացած բան կարող է հրապարակվել ու գտնել իր ընթերցողին», «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում ասաց Բլանշը։

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը, սակայն, կարողանում է առանձնացնել վիրտուալ լրագրության թույլ ու խոցելի կողմերը` մատնանշելով, օրինակ, 2008-ի մարտին` արտակարգ իրավիճակի օրերին, տարբեր լրատվամիջոցների կայքէջերի վերահսկումը ԱԱԾ-ի կողմից։

«Խոսքի ազատությունը մարդու հիմնարար իրավունքներից է, որն ամրագրված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 19-րդ հոդվածում: Բայց աշխարհում կան պետություններ, որոնք ուժ են բանեցնում այդ իրավունքը բազմաթիվ ճանապարհներով խոչընդոտելու համար», - ասված է Մամուլի ազատության համաշխարհային օրվա առիթով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունի ուղերձում:

XS
SM
MD
LG