Մատչելիության հղումներ

logo-print

Facebook սոցիալական ցանցում ձեւավորված «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը, որն արդեն մոտ 2500 անդամ ունի, նախաձեռնել է ստորագրահավաք` ի պաշպանություն Ագրարային համալսարանին եւ Հանրային գրադարանին կից գտնվող «Ուսանողական այգու», որն, ըստ նրանց, վերացման վտանգի տակ է:

Ստորագրահավաքի կազմակերպիչները բացատրում են, որ «այգում սկսված լայնածավալ շինարարությունը չի համաձայնեցվել տվյալ միջավայրում բնակվող, ուսանող եւ ստեղծագործող քաղաքացիների հետ եւ սպառնում է հանրային հանգստի գոտին վերածել հերթական բետոնապատ տարածքի»: - «Այստեղ ակնհայտորեն մասնավոր շահը վեր է դասվել հանրային շահից», - պնդում են նրանք:

Նախաձեռնող խումբը պահանջում է դադարեցնել շինարարությունն ու վերադարձնել այգին հանրությանը: Նրանք վստահեցնում են, որ պատրաստ են օգտագործել ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով նախատեսված բոլոր միջոցները զբոսայգու կառուցապատումը կանգնեցնելու համար: - «Սա բաց քաղաքացիական նախաձեռնություն է, որի նպատակն է փրկել Երեւանի ոչնչացող զբոսայգիները` որպես քաղաքային մշակույթի կարեւոր բաղադրիչ», - ասված է նախաձեռնող խմբի հայտարարության մեջ։

Ստորագրահավաքը, որի արդյունքները ուղարկվելու են ՀՀ նախագահին, ԱԺ նախագահին, վարչապետին եւ Երեւանի քաղաքապետին, կկայանա մայիսի 3-ին՝ ժամը 18:00-20:00, Ալ. Թամանյանի արձանի մոտ:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG