Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղը Արաքում գտնվող Իրանի կոմբայնաշինական ընկերությունից 20 կոմբայն է ձեռք բերել: Այդ մասին անցած շաբաթ Իրան կատարած այցի ժամանակ հայտարարել է Ղարաբաղի գյուղատնտեսության նախարար Արմո Ծատրյանը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց իրանահայ լրագրող Վարդան Դավթյանը, Ծատրյանը, ով Իրանում էր ապրիլի 27-29-ը, հայտարարել է, որ Ղարաբաղի գյուղատնտեսական տեխնիկան պատերազմի պատճառով վնասվել ու անգործադրելի է դարձել, եւ փորձ է արվում Իրանի հնարավորությունները օգտագործելով վերանորոգել այն:

Արաք քաղաքում, որտեղ բնակվում են մեծ թվով իրանահայ արհեստավորներ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ղարաբաղի գյուղատնտեսության նախարարը հայտնել է կոմբայնաշինական ընկերության հետ ստորագրված պայմանագրի մասին` գնելու համար արդիական 20 կոմբայններ, որոնցից արդեն 10-ը ստացել են, իսկ մնացած 10-ը կստանան շուտով: Գործարքի ընդհանուր արժեքը կազմում է 1 միլիոն դոլար:

Արմո Ծատրյանը վստահեցրել է նաեւ, որ իրանցի ներդրողները, որոնք ցանկանում են Ղարաբաղում ներդրում կատարել, հովանավորվելու են տեղի պատկան մարմինների պատասխանատուների կողմից, քանզի իրանցիները Հայաստանում խիստ հարգանք են վայելում:

Ղարաբաղի գյուղատնտեսության նախարարը այցելել է նաեւ Ատրպատական նահանգի կենտրոն Թավրիզի տրակտորաշինական գործարան:

Վարդան Դավթյանը հավելեց, որ Արաքի կոմբայնաշինական ընկերության հետ պայմանագիրը ստորագրվել էր արդեն իսկ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG