Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանի կոմունիստները շքերթով ու հանրահավաքով նշեցին Մայիսի 1-ը


Հայաստանի կոմունիստները նշում են Մայիսի 1-ը:

Հայաստանի կոմունիստները նշում են Մայիսի 1-ը:

Հայաստանի կոմունիստական կուսակցության նախաձեռնությամբ, «Աշխատանքի օրվա» առթիվ Երեւանում անցկացվեց մայիսմեկյան շքերթ ու հանրահավաք:

Մի քանի տասնյակ մարդիկ Մարտիրոս Սարյանի արձանին հարող պուրակից շքերթով շարժվեցին դեպի Ստեփան Շահումյանի հրապարակ, որտեղ անցկացրին իրենց հանրահավաքը:

«Բարիքներ ստեղծող, երկիր ստեղծող, երկիր պաշտպանող մարդկանց տոնն է այսօր», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հայաստանի կոմկուսի կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը՝ շարունակելով. - «Եվ ես հպարտ եմ, որ, թեեւ տոնը համարվում է պետական, միայն Հայաստանի կոմունիստական կուսակցությունն է նշում Մայիսի 1-ը, աշխատավորության օրը»:

Հիշելով, թե ինչ թափով ու հանդիսավորությամբ էր նշվում Մայիսի 1-ը խորհրդային տարիներին՝ Թովմասյանը ասաց. - «Այսօր բոլովին այլ է... այս տոնի տերը եղել է բանվոր դասակարգը: Այսօր հանրապետությունում ուղղակի ստրկացված են նրանք: Ոչ մի արդյունաբերական ձեռնարկություն չկա, աշխատանք չկա, գործազրկությունը խեղդում է, արտագաղթը խեղդում է: Ես ափսոսում եմ, որ մեր իշխանությունները այսպիսի անտարբերության են մատնում»:

Մայիսի 1-ը Հայաստանում նշվում է որպես «Աշխատանքի օր»: Տոնի կապակցությամբ ուղերձ է հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Ուղերձում, մասնավորապես, ասվում է. - «Միջազգայնորեն նշվող այս տոնը կոչված է մեծարելու արդար աշխատանքն ու աշխատավորին, նպաստելու աշխատավորների իրավունքների պաշտպանությանը»:

Հավաստիացնելով, որ Հայաստանի իշխանությունները «կատարեցին եւ շարունակում են կատարել քայլեր, որոնք ուղղված են հնարավորինս նվազագույնի հասցնելու համաշխարհային ճգնաժամի բացասական հետեւանքները», Սերժ Սարգսյանը շարունակում է. - «Այս տարվա առաջին ամիսների տնտեսական ցուցանիշներն ավելի բարձր են, քան մեր ակնկալիքներն էին: Դա նշանակում է, որ տնտեսական աճն իր հետ բերելու է նոր աշխատատեղեր եւ կենսամակարդակի բարձրացում»:
XS
SM
MD
LG