Մատչելիության հղումներ

Պետական եկամուտների կոմիտեում սպասվում են «մեծածավալ բարեփոխումներ»


Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյան

Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյան

Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը (ՀՀԿ) ուրբաթ օրը հայտարարեց, թե Պետական եկամուտների կոմիտեում սպասվում են «մեծածավալ բարեփոխումներ»:

Հիշեցնելով, որ ինքը հանդիսանում է նաեւ վարչապետի գլխավորությամբ գործող Հարկային բարեփոխումների հանձնաժողովի անդամ՝ Մինասյանը մանրամասնեց, թե կա օրենսդրական մի նախագիծ, որի համաձայն՝ «որոշակի տնտեսական գործունեությամբ զբաղվողների համար է'լ ավելի մեղմ հարկային դաշտ պետք է ապահովվի, քան այսօր կա»։

Այս օրենսդրական նախագիծը, ԱԺ-ի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի փոխանցմամբ, պետք է բերի նրան, որ հարկային մարմնի հետ գերփոքր բիզնեսի հարաբերությունների քանակը շատ ավելի պետք է նվազի, քան այսօր է։ Հաջորդ խնդիրը, որը փորձ է արվում լուծել առաջիկա բարեփոխումներով, ոչ ուղղակի շփումներով հարկային ծառայությունների մատուցումն է։

Գագիկ Մինասյանը հավելեց, թե այդ բարեփոխումների արդյունքում տնտեսվարող սուբյեկտների մոտ Պետեկամուտների կոմիտեի կողմից իրականացվող ստուգումները պետք է դառնան առավել նպատակային։

Կառավարության ապրիլի 15-ի նիստի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը քննադատել էր Պետեկամուտների կոմիտեի գործունեությունը եւ տվյալներ հրապարակել, որոնց համաձայն անցած տարի Կոմիտեի աշխատակիցների կողմից իրականացվող ստուգումների քանակն աճել է ավելի քան 80 տոկոսով։ Ընդ որում, եթե խոշոր բիզնեսում ստուգումների քանակն ավելացել է 30 տոկոսով, միջին բիզնեսում այդ ցուցանիշն հասել է 250-ի։ Արդյունքում մամուլում կարծիքներ էին հնչել, որ կառավարությունը քննարկում է Պետեկամուտների կոմիտեի ղեկավարությունում փոփոխություններ իրականացնելու հարցը։

Գագիկ Մինասյանն ասաց, թե ինքը հիմնավոր է համարում Կոմիտեին ուղղված վարչապետի քննադատությունը։

«Ոորվհետեւ մեր բազմաթիվ դրական ցուցանիշների շարքում մենք ունենք մի ցուցանիշ, որը տարիներ շարունակ մեր մակրոցուցանիշների մեջ ամենավատն է եղել. դա հարկեր - ՀՆԱ հարաբերությունն է», - ասաց նա՝ պարզաբանելով, թե հարկեր - ՀՆԱ հարաբերակցության առումով անցած տարի ցուցանիշը վատացել է. 2008-ին այն 17% էր, 2009-ին փոքր-ինչ նվազել է, սակայն կոնկրետ թիվ չնշեց` ասելով, որ անցած տարվա ամփոփ հաշվետվությունը կլինի մոտ օրերս։

Գագիկ Մինասյանը նաեւ տեղեկացրեց, թե նախատեսվում է մինչեւ 2012-ը տարեկան կես տոկոսով ավելացնել հարկեր-ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը։

Ի պատասխան հարցին, թե Պետեկամուտների կոմիտեի հասցեին հնչող քննադատությունն արդյո՞ք նշանակում է, որ իշխող քաղաքական ուժը քննարկում է կոմիտեի ղեկավարությունում փոփոխություններ իրականացնելու հարցը, Մինասյանը պատասխանեց. - «Ոչ։ Իհարկե, ոչ»:

Ազգային ժողովի պատգամավոր Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ) «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե, իհարկե, տեղին է Կոմիտեի հասցեին հնչած քննադատությունը:

«Սակայն, հարկային մարմնից զատ, կառավարությունը պետք է ինքնաքննադատությամբ առաջին հերթին հանդես գա, որ պատշաճորեն չի իրականացնում իր լիազությունները», - ասաց նա՝ շարունակելով. - «Եվ քավության նոխազ ամենեւին փնտրելու կարիք չկա»:

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանի համոզմամբ, առկա իրավիճակում Պետեկամուտների կոմիտեի հասցեին հնչող ցանկացած քննադատություն տեղին է՝ եթե այն հնչում է գործարարներից, հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչներից:

«Բայց դրա իրավունքը չունի ո’չ վարչապետը, ո’չ Գագիկ Մինասյանը, որովհետեւ իրենք բոլորն էլ շատ լավ գիտեն, թե ինչ է կատարվում: Պարզապես հերթական թատրոնն են ներկայացնում հանրության առջեւ», - հավելեց Խաչատրյանը:

Հարցին, թե ինչ արդյունք կտան Կոմիտեում սպասվող բարեփոխումները, Արծվիկ Մինասյանը պատասխանեց, թե դրանք չեն կարող լուրջ արդյունքներ տալ, քանզի ճշտված չէ սկզբունքային մի հարց` ո՞րն է փոքր ու միջին բիզնեսը եւ ի՞նչ հարկային պարտավորություններ այն պետք է կրի։
XS
SM
MD
LG