Մատչելիության հղումներ

Հայաստանի Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը ներողություն է խնդրել բոլոր այն մարդկանցից, որոնց իր հայտարարությամբ ապատեղեկատվություն է տվել` պնդելով, թե Չարենցավանի ոստիկանությունում մահացած Վահան Խալաֆյանին ոչ ոք ծեծի չի ենթարկել:

Ոստիկանապետի վերոհիշյալ պնդումներից հետո Հատուկ քննչական ծառայությունը ձեռք բերված ապացույցներով պարզել է, որ 24-ամյա երիտասարդը բռնությունների է ենթարկվել Չարենցավանի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի պետի կողմից, ով հինգշաբթի օրը արդեն կալանավորվել է:

Ոստիկանապետի մամուլի քարտուղար, ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը ուրբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ Ալիկ Սարգսյանը, պարզաբանելով իր այդ հայտարարությունը, մասնավորապես ասել է, որ իրեն Կոտայքի մարզի ոստիկանության աշխատակիցները զեկուցել են, որ Չարենցավանի ոստիկանությունում ինքնասպանություն է տեղի ունեցել: Սարգսյանը հարցրել է, թե հնարավո՞ր է, որ անձի նկատմամբ բռնություն է կիրառվել, եւ նրան զեկուցել են, թե նման բան չկա:

«Ես պատժելու եմ իմ այն աշխատակիցներին, որոնք ինձ սխալ ինֆորմացիա են տվել` ինձ դնելով անհարմար վիճակի մեջ: Ովքեր որ հանցանք են կատարել` ծեծել են երիտասարդին, խոշտանգել են, բոլոր այդ մարդիկ պատժվելու են օրենքի խստագույն տառով: Ես նախապես ասում եմ` ոչ մեկին չեմ պաշտպանելու, մեղավորները պատժվելու են: Ես ծեծը երբեք չեմ խրախուսել, աշխատանքի ավելի ճիշտ մեթոդներ կան», - ասել է Հայաստանի Ոստիկանության պետը:

«Ինձ թող ներեն այն մարդիկ, որոնց ես իմ հայտարարությամբ ապատեղեկատվություն եմ տվել: Իսկ ինձ խաբողները պատժվելու են օրենքի ամենայն խստությամբ: Ես ոչ ոքի չեմ ներելու», - հայտարարել է Ալիկ Սարգսյանը` նշելով, որ իր կողմից նշանակված ծառայողական քննությունը դեռ չի ավարտվել, եւ պատժելու է բոլոր նրանց, ովքեր այս գործին որեւէ առնչություն են ունեցել:

Միաժամանակ, ոստիկանապետը կրկին պնդել է, որ Վահան Խալաֆյանը ինքնասպան է եղել` բացառելով սպանության վարկածը: «Ես հիմա էլ պնդում եմ, որ դա ինքնասպանություն է եղել` նա է դանակը վերցրել ու իրեն սպանել», - ոստիկանապետի մամուլի քարտուղարի փոխանցմամբ` ասել է Ալիկ Սարգսյանը:
XS
SM
MD
LG