Մատչելիության հղումներ

Time հանդեսը ապրիլի 29-ի համարում հրապարակել է աշխարհի հարյուր ամենաազդեցիկ մարդկանց տարեկան ցուցակը, որում ընդգրկվում են ոչ միայն պետական գործիչներ, այլեւ գիտնականներ, մարզիկներ, արվեստագետներ, հասարակական ճանաչում ունեցող անձնավորություններ։

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը Time-ի կազմած ցանկում զբաղեցրել է 17-րդ տեղը։ Առաջինը Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա Դա Սիլվան է, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման չորրորդն է, առաջին տասնյակում է նաեւ Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին։

Time-ը Էրդողանի մասին գրել է, որ նախկին ֆուտբոլիստ, շփման առումով կարծրախոս, միաժամանակ նվիրյալ մահմեդական, 56-ամյա վարչապետը հռչակ է ձեռք բերել 1994 թվականին, երբ Ստամբուլի քաղաքապետ է ընտրվել։ Ստամբուլը այն քաղաքն է, որի փողոցներում Էրդողանը ժամանակին բլիթներ է վաճառել ապրուստի միջոցներ հայթայթելու համար։

Աշխարհիկ կարգերը խախտելու մեղադրանքով Էրդողանը պաշտոնանկ է արվել, բանտ նստել, ինչի արդյունքում էլ ավելի մեծ ժողովրդականություն է նվաճել։

Թուրքիայում երեք մահմեդական կուսակցություն է արգելվել։ Ռեջեփ Էրդողանը դա հաշվի է առել` 2001 թվականին ստեղծելով «Արդարություն եւ զարգացում»-ը, որը որդեգրել է արեւմտամետ դիրքորոշում ու սատարել է բիզնեսին։

Առաջին անգամ նա վարչապետ է ընտրվել 2003 թվականին, իսկ 4 տարի անց վերընտրվել է։ Պաշտոնավարման երկրորդ ժամկետի ընթացքում Էրդողանը, ըստ Time-ի, ստանձնել է մոլորակի մահմեդական աշխարհի խոսնակի բավական վիճահարույց առաքելությունը։ Չնայած Իսրայելի եւ Թուրքիայի կապերին` Էրդողանը սկսել է բացահայտորեն քննադատել Իսրայելի քաղաքականությունը, գործարքներ է կնքել Համասի հետ եւ ընդդիմանում է Իրանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ-ի կոչերին։

Ղեկավարելով ՆԱՏՕ-ի միակ մահմեդական պետությունը, որը միաժամանակ ունի կենսունակ դեմոկրատիա եւ աշխարհիկ կարգեր, Ռեջեփ Էրդողանը, Time-ի համոզմամբ, ի զորու է վերափոխել այդ անհանգիստ տարածաշրջանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG