Մատչելիության հղումներ

Մայիսի 30-ից «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը կսկսի գործել գնացքների երթեւեկության նոր` ամառային ժամանակացույցով, որի շրջանակներում Երեւան-Բաթում երթուղին, ի տարբերություն նախորդ տարիների, կսկսի իրականացվել ամենօրյա ռեժիմում: Հինգշաբթի այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Շովքետ Շայգուլինը:

Այս երթուղով ուղեւորափոխադրում կիրականացնի ամբողջությամբ վերանորոգված եւ 8 վագոններից բաղկացած միջպետական ճեպընթաց գնացքը, որը կրում է «Արմենիա» անունը: Այս ժամանակացույցը, ինչպես նշեց Շայգուլինը, ուժի մեջ է մտնում նախատեսվածից մոտ մեկ ամիս շուտ:

Նշված շարժակազմին զուգահեռ Երեւան-Բաթում երթուղով շաբաթը երկու անգամ ուղեւորափոխադրում կիրականացվի նաեւ սովորական գնացքով, որի տոմսի արժեքը, համապատասխանաբար կլինի ավելի էժան:

Ներկայացված ամառային ժամանակացույցը նախատեսվում է նաեւ մի շարք ներհայաստանյան ամենօրյա երթուղիների իրականացում։ Մասնավորապես, օրական երկու անգամ կիրականացվեն Երեւան-Գյումրի, երկու անգամ Երեւան-Արարատ եւ չորս անգամ` Երեւան-Արմավիր ուղերթներ:

«Դա, փաստորեն, տրամվայի ռեժիմ է», - պատկերավորեց Շայգուլինը: - «Պաշտոնապես հայտարարում եմ, որ մենք ամբողջությամբ կատարում ենք կոնցեսիոն պայմանագրով նախատեսված մեր բոլոր պարտավորությունները, ընդ որում` ինչպես բեռնափոխադրումների, այնպես էլ ուղեւորափոխադրումների գծով: Կատարված անհրաժեշտ տեխնիկական եւ կազմակերպական աշխատանքների շնորհիվ այսօր ի վիճակի ենք իրականացնել ցանկացած ծավալի փոխադրումներ», - հայտարարեց «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության տնօրենը:

Ըստ Շայգուլինի, ընկերությունն այս տարի ակտիվների նորացման եւ մոդեռնիզացման համար նախատեսում է ներդնել մոտ 13 միլիարդ դրամ: Այդ գումարից ավելի քան 12 միլիարդը կուղղվի ենթակառույցների զարգացմանը, իսկ շարժակազմերի բարելավման համար կհատկացվի մոտ 1 միլիարդ դրամ:

Ներդրումներ են արվում նաեւ կայարանային տնտեսության բարելավման համար: Ըստ այդմ, ներկայումս վերակառուցվող Երեւանի երկաթուղային կայարանի համար նախատեսում են ներդնել մոտ 100 միլիոն դրամ:
XS
SM
MD
LG