Մատչելիության հղումներ

Կառավարությունն ավարտում է նախարարությունների գործառույթների հստակեցման աշխատանքը


Armenia -- A cabinet meeting in Yerevan.

Armenia -- A cabinet meeting in Yerevan.

Կառավարության այսօրվա նիստից առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանը անդրադարձել է նախարարությունների գործառույթների հստակեցման ուղղությամբ տարվող աշխատանքներին՝ նշելով, որ դրանց առաջին փուլը մոտենում է ավարտին:

«Երեկ քննարկեցինք եւս երկու` տրանսպորտի եւ կապի, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունների գործառույթները։ Մնաց երեք նախարարություն, եւ մենք կավարտենք աշխատանքի առաջին փուլը։ Հետո կհաստատենք նախարարությունների նոր կանոնադրությունները եւ կունենանք արդեն հստակեցված գործառույթներով թարմացված կանոնադրություններ», - ասաց վարչապետը՝ շարունակելով. - «Աշխատանքի ընթացքում պարզ է դառնում, որ մենք ունենք արդյունավետության բարձրացման խնդիր եւ կարող ենք շատ գործառույթներից ձերբազատվել, բնականաբար, նաեւ կարող ենք աշխատատեղեր կրճատել։ Արդյունքում կուտակված ֆինանսական լրացուցիչ միջոցները թողնելու ենք նախարարությունների տրամադրության տակ եւ ուղղելու ենք պարգեւատրման ֆոնդերին»։

Այս ամենը, ըստ Տիգրան Սարգսյանի, պայմանավորված է նաեւ Հայաստանի կառավարության եւ Համաշխարհային բանկի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությամբ, որ «բոլոր ԾԻԳ-երը (ծրագրերի իրականացման գրասենյակները) ինտեգրվելու են նախարարությունների կազմ»։

Վարչապետը պահանջեց, որ նախարարներն այդ աշխատանքը վերցնեն իրենց հսկողության տակ. - «Քննարկեք, թե ձեր նախարարությունում որ գործառույթներից կարող եք առաջնահերթ ազատվել եւ տնտեսած գումարն ուղղել լավագույն աշխատողների կամ պարգեւատրմանը, կամ աշխատավարձերի բարձրացմանը»։

Կառավարության նիստից հետո նախարարներից ոմանք լրագրողների հետ զրույցներում արտահայտեցին աշխատատեղերի կրճատման վերաբերյալ իրենց կարծիքները:

«Ես չեմ կարծում, որ էական տեղաշարժեր կամ կրճատումներ կլինեն», - ասաց Գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը:

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը նույնպես կարծում է, որ կրճատումները շատ չեն լինի:

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հարցի առնչությամբ ասաց. - «Կան շատ գործառույթներ: Բայց դա չի նշանակում, որ մենք միանշանակ այսօր կարող ենք ասել, որ հասցնում ենք աշխատանքները կատարել ամբողջ ծավալով: Սա նախնական եզրակացություններն են նրա վերաբերյալ, որ մի շարք գործառույթներ ուղղակի պետք է նախարարությունների վրայից հանել, իջեցնել դեպի ՊՈԱԿ-ներ, կատարող կազմակերպություններ»:

Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը հարցի կապակցությամբ առաջարկում է. - «Տնտեսված գումարը մնա ոչ թե տվյալ նախարարությանը, այլ վերաբաշխվի բոլոր նախարարությունների միջեւ: Չի բացառվում, որ որեւէ նախարարությունում հաստիքների ավելցուկ է գոյացել, այսինքն՝ ոչ բավարար չափով ծանրաբեռնված հաստիքներ կան, եւ եթե այդ նախարարությունը ժամանակին չի բացահայտել դրանք, ստացվում է, որ ինքը ավելի արտոնյալ վիճակում կհայտնվի: Այսինքն՝ ինքը կունենա ավելի շատ գումարներ՝ իր վատ աշխատանքի արդյունքում… Ես կբարձրացնեմ այդ հարցը, եւ կարծում եմ, սա եւս կդառնա քննարկման առարկա»:

Նախարարությունների աշխատակիցների ճնշող մեծամասնությունը քաղծառայողներ են: Քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը, ի պատասխան հարցին, թե ի՞նչ է սպասվում կրճատման ենթակա աշխատակիցներին, ասաց. - «Բոլոր մարմինների աշխատակազմերում ունենք բավականին թափուր հաստիքներ: Միշտ էլ կրճատումները լինում են թափուրների հաշվին: Իսկ եթե ուզում եք ավելի անկեղծ լինեմ՝ այո, որոշ տեղերում կա մի քիչ ուռճացած վիճակ, մարդիկ ամբողջ ծանրաբեռնվածությամբ չեն աշխատում, որովհետեւ չկա այդ ծավալը, եւ հիմնականում գործառույթների կրկնողություն է տեղի ունենում: Նրանց տրվող աշխատավարձը, որը ֆինանսական միջոցների փոշիացում է, կենտրոնացվի եւ տա որակյալ մարդկանց»:

Գործառույթների հստակեցման աշխատանքները նախարարությունները պետք է ավարտին հասցնեն 3-4 ամսվա ընթացքում:
XS
SM
MD
LG