Մատչելիության հղումներ

Մագիստրական եւ ասպիրանտական տեղերի համար պայքարող ուսանողների բողոքին քաղաքական երանգներ են վերագրում


Բողոքող ուսանողները ԵՊՀ գլխավոր մասնաշենքի դիմաց
Բողոքող ուսանողները ԵՊՀ գլխավոր մասնաշենքի դիմաց

Ապրիլի 29-ին ԵՊՀ ուսանողները բողոքի երթով իրենց դժգոհությունը արտահայտեցին մագիստրատուրայի եւ ասպիրանտուրայի` տարկետման իրավունքով տեղերի կրճատումների առնչությամբ: Իսկ ուսանողական խորհրդում ընդգրկված երիտասարդները այս ակցիայի մեջ քաղաքական ենթատեքստ են տեսնում:

ԵՊՀ ուսխորհրդի ղեկավար Ցոլակ Ակոբյանը «Մաքսլիբերթի»-ին փոխանցեց, որ ցույցի մասին տեղեկացել է նախորդ օրը ուշ երեկոյան, եւ որ «այս ամենում ինքը քաղաքական երանգ է տեսնում` մատնանշելով ցույցին ներկա «Ժառանգություն» կուսակցության մի քանի ներկայացուցիչների»:

ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչ Միհրան Հակոբյանի համար պարզ չէ, թե իրենց ցույցով ինչ են պահանջում ուսանողները: Հիշեցնենք, որ օրեր առաջ ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողների նախատեսված ցույցը չէր կայացել, քանի որ կազմակերպիչների հետ հանդիպել էր ԿԳ նախարար Արմեն Աշտոյանն ու հետ պահել նրանց ցույց անելու գաղափարից:

«Լրիվ քաղաքական երանգներ է ստանում այս քայլը, քանի որ անհասկանալի է, թե հիմա ինչ խնդիր են հետապնդում», - ասաց Միհրան Հակոբյանը:

Ցույցի կազմակերպիչ Դանիել Իոնեսյանը բացատրեց, որ «նախարարի հետ հանդիպումը միայն ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողների համար էր հաղթանակ»:

Ուսանողների ցույցին միացել էին նաեւ մի քանի երիտասարդ դասախոսներ: ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Խաչիկ Գեւորգյանը կարծում է, որ մագիստրական տեղերի կրճատման հիմնական խնդիրը կրճատման հստակ չափանիշների բացակայությունն է:

«Կառավարությունը շատ ավելի խելամիտ ձեւով պետք է կրճատում աներ` հիմնականում առաջնորդվելով որակի չափանիշներով», - ասաց Խաչիկ Գեւորգյանը:

Ցույցի մասնակից ուսանողների թիվը չէր հասնում 50-ի, այդ պատճառով չկայացավ ԵՊՀ գլխավոր մասնաշենքի մոտ կազմակերպվելիք ակցիան: Մեկ ժամ հետո, սակայն, 50-ից ավելի ուսանողներ սկսեցին արտոնված երթը դեպի ԿԳ նախարարության, ապա նաեւ Կառավարության շենք: Կազմակերպիչների խոսքով` բուհի ղեկավարությունը ջանք չի խնայել տարբեր մեթոդներով ուսանողներին ցույցից հետ պահելու համար:

«Մաքսլիբերթի»-ի հարցին, թե ցույցին մասնակից համալսարանականները հետագայում բուհի ներսում խնդիրներ չե՞ն ունենա, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը պատասխանեց, որ «ինքը այդքան պրիմիտիվ չէ, որ ընկնի ուսանողների հետեւից»:

Հիշեցնենք, որ ապրիլի 22-ի կառավարության համապատասխան որոշմամբ` մագիստրատուրայի՝ բանակից տարկետմամբ տեղերը, բացառությամբ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի, կրկնակի կրճատվեցին: Իսկ, օրինակ, 180 ուսանող ունեցող կիրառական մաթեմատիկա եւ ինֆորմատիկա ֆակուլտետում հատկացվել է տարկետման իրավունքով մագիստրատուրայի ընդամենը 6 տեղ:

XS
SM
MD
LG