Մատչելիության հղումներ

Չարենցավանի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի պետը մեղադրվում է Վահան Խալաֆյանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ


Վահան Խալաֆյան
Վահան Խալաֆյան

Ոստիկանության Չարենցավանի բաժին բերման ենթարկված Վահան Խալաֆյանի մահվան դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով հինգշաբթի օրը մեղադրանք է առաջադրվել Չարենցավանի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի պետ Աշոտ Հարությունյանին:

Հատուկ քննչական ծառայության հաղորդագրության համաձայն` «նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Խալաֆյանի նկատմամբ բռնություն գործադրելու համար, որն առաջացրել է ծանր հետեւանք»:

Մասնավորապես, ըստ հաղորդագրության, «պարզվել է, որ Աշոտ Հարությունյանը, ակնհայտորեն դուրս գալով իր պաշտոնեական լիազորությունների շրջանակից, այն է` չունենալով անձին ոստիկանության բաժին բերման ենթարկելու վերաբերյալ վարույթ իրականացնող մարմնի համապատասխան որոշում, 2010 թվականի ապրիլի 13-ին` ժամը 10-ի սահմաններում, ոստիկանության բաժնի աշխատակիցներին հրահանգել է ոստիկանության Չարենցավանի բաժին բերման ենթարկել գողություն կատարելու մեջ կասկածվող Վահան Խալաֆյանին»:

«Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն` Աշոտ Հարությունյանը նախ պարտադրել է Վահան Խալաֆյանին տալ ինքնախոստովանական ցուցմունքներ, ապա` նրա նկատմամբ կիրառել բռնություն», - տեղեկացնում է Հատուկ քննչական ծառայությունը` շարունակելով. - «Խալաֆյանի նկատմամբ կիրառված բռնությանը ականատես են եղել նաեւ բաժանմունքի մի քանի աշխատակիցներ, ովքեր նախաքննության շրջանակներում հարցաքննվել են եւ դեպքի վերաբերյալ տվել մանրամասն ցուցմունքներ»:

Նախաքննությունը շարունակվում է, նշանակվել են նոր փորձաքննություններ, այդ թվում` հետմահու դատահոգեբանական:

«Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումները նախաքննության բազմակողմանիությունը, լրիվությունն ու օբյեկտիվությունն ապահովելու ուղղությամբ», - վստահեցնում է Հատուկ քննչական ծառայությունը` միաժամանակ տեղեկացնելով, որ նախաքննական մարմինը դեռեւս չի ստացել նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը:

Աշոտ Հարությունյանը ձերբակալվել է ապրիլի 26-ի երեկոյան` պաշտոնեական լիազորությունները անցնելու եւ Վահան Խալաֆյանին ինքնասպանության հասցնելու կասկածանքով: Մինչ այդ կալանավորվել էր նույն բաժանմունքի օպերլիազոր Մորիս Հայրապետյանը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը, Աշոտ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 309 հոդվածի երրորդ մասով` «պաշտոնական լիազորություններն անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ»: Տվյալ արարքը պատժվում է 6-ից մինչեւ 10 տարվա ազատազրկմամբ` մինչեւ 3 տարով զրկելով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից:

24-ամյա երիտասարդի մահվան պատճառներին վերաբերող բոլոր հարցերի պատասխանները կտա նշանակված դատաբժշկական փորձաքննությունը:

Խալաֆյանը հարազատները համոզված են, որ Վահանին տանջելով սպանել են: Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, մինչդեռ, բացառում է երիտասարդին ոստիկանության բաժնում ծեծի ենթարկելու հնարավորությունը:

Վահան Խալաֆյանի մահվան կապակցությամբ իրենց մտահոգությունն են հնչեցրել Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, որը նամակ է հղել Հայաստանի գլխավոր դատախազին, ինչպես նաեւ՝ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան ու մի շարք հայաստանյան իրավապաշտպան կազմակերպություններ, որոնք հանդես են եկել հայտարարությամբ:
XS
SM
MD
LG