Մատչելիության հղումներ

Հինգշաբթի օրվանից ժամանակավորապես դադարեցվել է Ռուսաստանից բնական գազի մատակարարումը Հայաստան` Հյուսիսային Կովկասի բարձր լեռնային շրջաններից մեկում սողանքների հետեւանքով մայրուղային գազատարի վնասվելու պատճառով:

Ըստ «ՀայՌուսգազարդ»-ի պաշտոնական կայքէջի տեղեկատվության, Հայաստանի գազամատակարարումը շարունակվում է իրականացվել ստորգետնյա պահեստ-կայանի պահեստավորված գազի հաշվին` առանց սահմանափակումների:

«Ապրիլի 29-ից ժամանակավորապես դադարեցվել է բնական գազի մատակարարումը Հայաստանի Հանրապետություն: Բայց ներքին սպառման շուկայում գազամատակարարումը շարունակվում է անխափան իրականացվել ստորգետնյա գազապահեստ-կայանում պահեստավորված գազի հաշվին, եւ մեր բաժանորդների մոտ որեւէ սահմանափակում մենք չենք ունենալու: Անջատումներ չեն լինելու», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հավաստիացրեց «ՀայՌուսգազարդ»-ի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը:

Նրա խոսքով, Հայաստանում միակ՝ Աբովյանի գազապահեստարանի պաշարները «բավարար են՝ երկար ժամանակ մեզ ապահովելու համար». - «Նախկինում 10 օրից ավելի դադարեցում ենք ունեցել, եւ այդ պակասը մեր հանրապետությունը չի զգացել»:

Վրացական լրատվամիջոցները, հղում կատարելով Վրաստանի նավթի եւ գազի կորպորացիայի ղեկավար Զուրաբ Ջանգջավային, տեղեկացնում են, որ վերանորոգման աշխատանքները կտեւեն 2-3 օր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG