Մատչելիության հղումներ

logo-print

Ապրիլի 29-ի մամուլ


«Ժամանակ»-ի խմբագիրը գրում է. - «Անցած տարիների ընթացքում Հայաստանը կարծես թե չի զգացել եւ այժմ էլ չի զգում ծրագրի եւ գաղափարի պակաս: Նույնիսկ կար մի պահ, որ Հայաստանը մեկ շնչին բաժին ընկնող երկիրը փրկելու ծրագրերի քանակով առաջին տեղն էր գրավում աշխարհում, եթե Վրաստանը հիմա չի հասել ու անցել մեզ: Իհարկե, միարժեք սխալ է քաղաքականությունը դիտարկել «այս անձը լավն է, իսկ մյուսը վատն է» սկզբունքով: Իհարկե, չափորոշիչը պետք է լինի գաղափարն ու ծրագիրը: Բայց հենց դա է խնդիրը, որ Հայաստանում հնչած գաղափարներն ու ծրագրերը միշտ բախվում են անձի գործոնին, երբ անձն է ամեն ինչ որոշում՝ թույլ չտալով հասկանալ, թե արդյոք ինչքանով է կենսունակ այս կամ այն գաղափարը: Հայաստանում դա անհնար է պարզել, որովհետեւ անձնական միջամտությունը 100 տոկոս է: Հետեւաբար, կենսունակ գաղափարն ու ծրագիրը չէ, որ պակասում է Հայաստանին, այլ գաղափար կամ ծրագիր կյանքի կոչելու ցանկությունը եւ կամքը, որից հետո միայն կերեւա գաղափարի կամ ծրագրի կենսունակությունը»:

«168 ժամ»-ի հետ զրուցել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը: Լրագրողի հարցին, թե ինչ շահեց «ֆուտբոլային» դիվանագիտությունից Թուրքիան, նա պատասխանում է. - «Թուրքիան, որպես պետություն, առաջին հերթին կարողացավ ներխուժել Լեռնային Ղարաբաղի գործընթացի մեջ՝ որպես իրական կարեւոր խաղացող, եւ անընդհատ նշելով, որ այդ իրավունքը ստացել է նաեւ Հայաստանից: Բացի այդ, Թուրքիան կարողացավ մեկ տարվա ընթացքում ստեղծել այնպիսի մթնոլորտ, որ տարածաշրջանում ինքն ամենակարեւոր ու գլխավոր դերակատարն է... Լեռնային Ղարաբաղի հարցում ճնշման հետ կապված՝ Թուրքիան կարողացավ այս մեկ տարվա ընթացքում քարոզչական մեքենան օգտագործելով՝ համոզել բոլորին, որ առանց Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման հայ-թուրքական հարաբերություններում որեւէ նորմալ գործընթաց հնարավոր չէ իրականացնել: Այդ պատճառով էլ, կարծում եմ, որ հիմա շատ երկրներ են վստահ, որ հայ-թուրքական հարաբերությունները տապալվեցին հենց Լեռնային Ղարաբաղի հարցում լուծումներ եւ ընդհանուր եզրեր չգտնելու պատճառով»:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը «Հայոց Աշխարհ»-ին ասել է. - «Այսօր Հայաստանում «լոտո» խաղալու նման բան է դարձել՝ գուշակություններ անել, արդյոք սահմանները կբացվե՞ն, թե՞ չեն բացվի, ե՞րբ կբացվեն, դա ողջամիտ ժամկետներում կլինի՞, թե՞ ոչ։ Կարծում եմ, բնական այս հետաքրքրությունն էլ պետք է ավարտված փուլ համարել։ Կա՛մ մենք ողջամիտ ժամկետներում, այսինքն՝ քանի դեռ այս խնդիրը հետաքրքիր եւ արդիական է միջազգային հանրության համար, բնականոն հարաբերություններ ենք հաստատում Թուրքիայի հետ, կամ դադարեցնում ենք գործընթացը՝ արձանագրելով, որ թուրք հասարակությունը, հասարակական կարծիքը հետպատերազմյան շրջանից՝ 1945-47 թվականներից հետո, էապես չի փոխվել։ Դեռ մի բան էլ ավելացել է Ադրբեջանի նկատմամբ «եղբայրական նվիրվածության» գործոնը։ Եթե վերջնականապես համոզվենք, որ Թուրքիայի քաղաքական վերնախավը պատրաստ չէ հայերին ընդառաջ որեւէ քայլ անելու, գործընթացը վերսկսելը պարզապես կդառնա անիմաստ»։

«Հայք»-ի խմբագիրը գրում է. - «Յուրաքանչյուր նոր օր Հայաստանն ավելի է թուլացնում, քանի որ վարչախումբն այդպես էլ մտադրություն չունի վերանայել պետության կառավարման իր մեթոդներն ու եղանակները: Յուրաքանչյուր նոր օր ապացուցում է, որ վարչախմբի եւ Սերժ Սարգսյանի գործողությունները ուղղված են բացառապես աթոռների պահպանությանը: Իշխող սուտն ու կեղծիքը հիշեցնում են բրեժնեւյան տարիները, միայն թե այն ժամանակ էլիտար շենքեր կառուցող եւ հարկերից խուսափող օլիգարխներ չկային: Ինչո՞ւ չպետք է թուլանա Հայաստանը, երբ կառավարությունն այնքան հզորություն չունի, որ կարողանա օլիգարխներին բերել հարկային դաշտ: Մի՞թե կարող է զարգանալ մի երկիր, որտեղ խոշոր գործարարները, այլ կերպ ասած՝ օլիգարխները իրենք են որոշում, թե երբ եւ ինչքան հարկ պետք է մուծեն: Մի քանի ամիս շարունակ հայտարարում են, թե հայ-թուրքական արձանագրությունները նախապայմաններ չեն պարունակում, եւ որ Թուրքիան նախապայմանների լեզվով չի խոսում, հետո էլ հայտարարում են, թե քանի որ թուրքերը նախապայմաններ են ներկայացնում, իրենք առկախում են այդ արձանագրությունների վավերացումը: Ընդ որում, հատուկ էլ ընտրել են «առկախել» բառը, որ Դաշնակցությանը ավելի հոգեհարազատ լինի»:

«Կապիտալ» թերթը տեղեկացնում է, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը երեկ հրապարակել է 2009 թվականի գործունեության տարեկան հաշվետվությունը: «Օլիգոպոլիաների դեմ պայքարի անհրաժեշտության մասին վարչապետի մի քանի հայտարարություններից, ինչպես նաեւ Հանձնաժողովի նախագահի երկու փոփոխություններից հետո այս հաշվետվության նկատմամբ առկա է ավելի մեծ հետաքրքրություն: Մասամբ այդ հետաքրքրությունը կարելի է համարել բավարարված. հրապարակման մեջ առկա է հետեւյալ ուշագրավ միտքը. «Հանրապետության ապրանքային շուկաների մեծ մասում առկա են այնպիսի գործոններ, որոնք նպաստում են ընկերությունների միջեւ հակամրցակցային համաձայնությունների կնքմանը»: Հաշվետվության հետագա տեքստում այլեւս չի մեկնաբանվում, թե հատկապես այդ ինչ գործոններ են, որ նպաստում են հակամրցակցային համաձայնությունների կայացմանը», - գրում է թերթը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG