Մատչելիության հղումներ

Freedom House-ի մամուլի ազատության զեկույց. Հայաստանը` կրկին ոչ ազատ երկրների խմբում


Հրապարակվել է Freedom House հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության մամուլի ազատության 2010 թվականի զեկույցը: Հայաստանը համարվում է ոչ ազատ երկիր. սա վերջին խումբն է` մամուլի համար կան ազատ, մասամբ ազատ ու ոչ ազատ երկրներ:

Հայաստանը նույն ցուցանիշներն ունի Կամերունի, Կոտ դ’Իվուարի, Մարոկկոյի, Կատարի հետ։ Այս հինգ երկրները նույն ցուցանիշով 146-151-րդ տեղերում են։

Չնայած Հայաստանը մնացել է ոչ ազատ երկրների շարքում, այդուհանդերձ, Freedom House-ը որոշ բարելավում է արձանագրել։

«Հայաստանում եւ Մոլդովայում մենք տեսնում ենք գրաքննության կրճատում, ինչպես նաեւ լուրերի թողարկումների վրա վերահսկողության նվազեցում», - նշված է Freedom House-ի զեկույցում։

Freedom House-ի հետազոտական ծրագրերի տնօրեն Քրիսթոֆեր Ուոքերը ասել է. - «Հայաստանը թեթեւակի բարելավում է արձանագրել այս տարի, բայց դա արդյունք է այն բանի, որ թուլացել են արտակարգ դրության ու անհանգստությունների ժամանակ կիրառված միջոցները, որ գործադրվել էին նախորդ տարում»։

Նշելով, որ մամուլի համար Հայաստանում թուլացել են լրացուցիչ, հավելյալ խոչնդոտները, Ուոքերը ընդգծել է. - «Դա չի նշանակում, թե Հայաստանում նշանակալից բարելավվել է լրագրության որակն ու մամուլի ազատությունը»:

Անցյալ տարի Հայաստանը 68 միավոր ուներ, հիմա` 66, այսինքն, մնալով հանդերձ նույն խմբում` Հայաստանը անցյալ տարվա համեմատությամբ 2 կետով բարելավում է արձանագրել։

2009 թվականի զեկույցում որպես բացասական դրսեւորումներ նշվել էին մամուլի նկատմամբ իրավական ճնշումներ գործադրելու եւ հեռարձակող մամուլը վերահսկողության տակ առնելու միտումները։

Հայաստանը ոչ ազատ երկրների խմբում հայտնվեց «Ա1+» հեռուստաընկերության եթերազրկումից հետո։

Հարավային Կովկասի երկրներից առաջատարը Վրաստանն է, որը դասակարգված է մասամբ ազատ երկրների շարքում: Իսկ Ադրբեջանը Հայաստանի հետ ոչ ազատ երկրների շարքում է, բայց ավելի հետին տեղում է։

Ընդհանուր առմամբ, զեկույցում ներառված է 196 երկիր։ Աշխարհի երկրների 35 տոկոսում մամուլը ազատ է, 33 տոկոսում` մասամբ ազատ, 32 տոկոսում` ոչ ազատ։ Քրիստոֆեր Ուոքերը նշում է, որ այս տարի ընդհանուր առմամբ մամուլի ազատության սահմանափակումները շարունակում են` միտում, որ արձանագրվում է վերջին ութ տարիների համար: Աշխարհում վեց մարդուց ընդամենը մեկն է ապրում ազատ մամուլ ունեցող երկրում։

Freedom House-ի զեկույցում մամուլի ազատության առումով առաջատար երկրներն են Ֆինլանդիան, Իսլանդիան, Նորվեգիան, Շվեդիան, Դանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Անդորրան, Շվեյցարիան, իսկ ոչ ազատ երկրների խմբում ամենահետին տեղերում են Իրանը, Հասարակածային Գվինեան, Բելառուսը, Ուզբեկստանը, Կուբան, Էրիթրեան, Լիբիան, Բիրման, Թուրքմենստանը եւ Հյուսիսային Կորեան:

Freedom House-ը աշխարհի երկրներում մամուլի ազատության իրավիճակը ուսումնասիրում եւ զեկույցներ է հրապարակում սկսած 1980 թվականից։
XS
SM
MD
LG