Մատչելիության հղումներ

Արտավազ գյուղի բնակիչները պատրաստվում են դատարանում վիճարկել Կառավարության որոշումը


Կոտայքի մարզի Արտավազ գյուղի բնակիչները պատրաստվում են դատական կարգով վիճարկել Կառավարության փետրվարի 25-ի որոշումը, որով գյուղի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչվել է բացառիկ՝ գերակա հանրային շահ:

Ըստ այդ որոշման, մինչեւ մայիսի 25-ը անհրաժեշտ է այդ տարածքները օտարել՝ քաղցրահամ ջրերի շշալցման գործարան կառուցելու նպատակով: Նշված հողատարածքների 125 սեփականատերերը վերջին օրերին գյուղապետարանից ստանում են համապատասխան ծանուցագրերը:

Գյուղացիները, բնականաբար, դժգոհ են, քանի որ շատերի համար այդ հողատարածքները ապրուստի միակ միջոցն են: Նրանք «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում փոխանցեցին, որ Կառավարությունից որեւէ մեկը դեռեւս չի մանրամասնել, թե ինչ չափով են իրենց փոխհատուցելու:

Արտավազցիների ճնշող մեծամասնությունը, սակայն, համաձայն չէ որեւէ փոխհատուցման:

«Էականը փողը չէ», - ասաց միջին տարիքի մի արտավազցի՝ շարունակելով. - «Մի տարի ուրախանալու են, այդ փողերը ծախսելու են եւ շատ վատ իրավիճակում են հայտնվելու»:

Ըստ Կառավարության որոշման գերակա հանրային շահ ճանաչված տարածքները ձեռք է բերում «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ՍՊԸ-ն:

Գյուղացիների տեղեկություններով, մինչդեռ, տարածքները ձեռք է բերել «ինչ-որ արաբ շեյխ»:

Կառավարության որոշման նախագիծը պատրաստել է Էկոնոմիկայի նախարարությունը, որի մամուլի քարտուղարը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ նշված ՍՊԸ-ի հետ իսկապես առնչություն ունի մի արաբ շեյխ՝ հավելելով, որ այլ գործարարներ (շվեյցարական «ՍՈՒԻԶ ՌԵԱՐ ԷՍ ԷՅ» ներդրումային ընկերությունից) եւս մասնակցություն ունեն «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ընկերությունը Հայաստանում գրանցելու գործում:

Հարցի առնչությամբ այսօր բաց նամակով վարչապետին է դիմել տարիներ առաջ Հրազդանի տարածքից ընտրված պատգամավոր, նախագահի վերջին ընտրություններից հետո պատգամավորական մանդատից զրկված, այժմ բանտում գտնվող Սասուն Միքայելյանը: Բաց նամակը այսօր հրապարակվել է «Հայկական ժամանակ» օրաթերթում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG