Մատչելիության հղումներ

Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնողների թիվը աճի միտում ունի


Վերջին 10 տարիներին Հայաստանից միջին հաշվով տարեկան 60-70 հազար մարդ է մեկնում արտագնա աշխատանքի: Անցած տարի, սակայն, Միգրացիոն ծառայության պետի խոսքով, Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնողների թիվը մոտ 50 տոկոսով նվազել էր՝ կապված համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետ:

Չորեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հայաստանի տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը ասաց նաեւ, որ այս տարի աշխատանքային միգրանտների աճի միտում կա, ինչը դեռ տարեսկզբին դրսեւորվել է դրամական փոխանցումների տեսքով. առաջին եռամսյակում 7 տոկոսով ավելացել է անհատների կողմից Հայաստան ուղարկվող դրամական փոխանցումների հոսքը, որ մոտ 2 միլիարդ դոլարով նվազել էր 2009 թվականի ընթացքում:

«2008 թվականի արդեն 4-րդ եռամսյակից այդ միտումը նկատվեց, որը պահպանվեց ամբողջ 2009 թվականի ընթացքում՝ 30-32 տոկոսի կրճատումներ տեղի ունեցավ», - ասաց Եգանյանը:

Միգրացիոն ծառայության ղեկավարը նշեց նաեւ, որ այս տարի, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ,12 տոկոսով աճել են նաեւ ուղեւորափոխադրումները:

Աշխատանքային միգրանտների 94 տոկոսը մեկնում է Ռուսաստան: «Զվարթնոց» օդանավակայանից օրական 9-10 չվերթ է մեկնում Ռուսաստանի տարբեր քաղաքներ:

Մեկնողներից շատերը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում ասում էին, թե Հայաստանում լավ վարձատրվելու դեպքում իրենք չէին մեկնի:
XS
SM
MD
LG