Մատչելիության հղումներ

Հասարակական կազմակերպությունները միավորվում են հանուն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման


Ձախից աջ՝ Գեւորգ Տեր-Գաբրիելյան, Թեւան Պողոսյան, Արսեն Ղազարյան, Բորիս Նավասարդյան
Ձախից աջ՝ Գեւորգ Տեր-Գաբրիելյան, Թեւան Պողոսյան, Արսեն Ղազարյան, Բորիս Նավասարդյան

Հայաստանյան քաղաքացիական հասարակության չորս կազմակերպություններ հուշագիր են ստորագրել հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում միասնական նախաձեռնություններով հանդես գալու վերաբերյալ։

Հուշագիրը ստորագրած չորս կազմակերպությունները՝ Եվրասիա համագործակցության հիմնադրամը, Երեւանի մամուլի ակումբը, Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների(գործատուների) միությունը եւ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը, որպես նպատակ են հռչակում հայ-թուրքական հարաբերությունների ոլորտում իրենց կողմից իրականացվող ծրագրերի համակարգումը, հարաբերություններին առնչվող տարբեր հարցերի վերաբերյալ միասնական դիրքորոշումներով հանդես գալը եւ ուժերի միավորելը` հանուն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման:

Ապրիլի 22-ի հեռուստաուղերձով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման արձանագրությունների վավերացման գործընթացի սառեցման մասին՝ Թուրքիային մեղադրելով գործընթացը ձգձգելու մեջ։ - «Մենք անընդունելի ենք համարում նաեւ Հայաստան-Թուրքիա երկխոսությունն ինքնանպատակ դարձնելու անիմաստ ձեռագիրը եւ այս պահից սկսած` հարաբերությունների կարգավորման ներկա փուլը համարում ենք սպառված», - հայտարարել էր նախագահ Սարգսյանը։

Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի խոսքով, թեեւ այս պահին կա ընկալում, որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման առաջին փուլն ավարտվել է, բայց դա չի նշանակում, թե հաջորդ փուլեր չեն լինելու, որոնք կլինեն ավելի հաջողված, քանի որ նորմալ հարաբերությունները երկու երկրների միջեւ օբյեկտիվ անհրաժեշտություն են:

«Այսօր մենք այն փուլում ենք, երբ վերլուծվում են այն դժվարությունները, որոնք խանգարեցին հասնել անհրաժեշտ եւ ցանկալի արդյունքի։ Մեր կոնսորցիումի նպատակներից մեկը կլինի վերլուծել այս անցած մեկուկես տարին, եւ փորձել որոշակի առաջարկություններով հանդես գալ», - նշեց Բորիս Նավասարդյանը։

Հուշագիրը ստորագրած կազմակերպությունների ղեկավարները հատուկ ընդգծեցին, որ նախաձեռնությունը քաղաքացիական է, չունի քաղաքական բնույթ: «Եվրասիա» համագործակցություն հիմնադրամի տնօրեն Գեւորգ Տեր-Գաբրիելյանը տեղեկացրեց, որ չորս կազմակերպությունները մշակելու են համատեղ գործունեության ծրագիր։ Մշակվելիք ծրագիրը նպատակ է ունենալու խրախուսել երկու երկրների գործարար ոլորտի, լրատվամիջոցների, հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ կրթական եւ մշակութային շրջանակների միջեւ համագործակցությունը։ Կազմակերպությունները հույս ունեն, որ երկու երկրների հասարակությունների միջեւ ոչ պաշտոնական մակարդակով նմանօրինակ շփումները ի վերջո կհանգեցնեն երկու պետությունների հարաբերությունների նորմալացմանը։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք նմանատիպ ինչ-որ ձեւաչափ ստեղծվելու է նաեւ թուրքական կողմում՝ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Թեւան Պողոսյանը պատասխանեց, թե քանի որ հայկական կողմից աշխատելու են այսպիսի ձեւաչափով, դա ի վերջո կհանգեցնի թուրքական կողմում նույնատիպ ձեւաչափի ստեղծմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG