Մատչելիության հղումներ

Քննադատական մտածողության զարգացում` գրելու եւ կարդալու միջոցով


Կարդալու եւ գրելու միջոցով քննադատական մտածողության զարգացումը դասավանդման մեթոդ է: Էական չէ, թե լսարանում կամ դասարանում որ առարկայի դասն է` քիմիա, պատմություն թե աշխարհագրություն, այս մեթոդը հնարավոր է կիրառել: Քննադատական մտածողության զարգացումը կարող է սկսվել մանկապարտեզից` հասնելով մինչեւ բուհական լսարան:

Հայաստանում քննադատական մտածողության զարգացման նոր ծրագիրն իրականացնում է «Քայլ առ քայլ» հիմնադրամը, որի ղեկավար Ռուզաննա Ծառուկյանը բացատրում է, որ «այս դեպքում քննադատականը վերլուծական իմաստով պետք է հասկանալ, քանի որ իրենք փորձում են զարգացնել համակողմանի մտածելու կարողություն»։

«Կարդալու եւ գրելու միջոցով քննադատական մտածողության զարգացում»-ը ցանցային ծրագիր է եւ իրականացվում է մի շարք երկրներում: Գաղափարը ծնվել է ԱՄՆ-ում` Ընթերցողների միջազգային ասոցիացիայի հովանավարությամբ, 1997 թվականին արդեն դարձել է ծրագիր, որին Հայաստանը միացել է երկու տարի անց` 1999-ին:

«Այս ծրագիրը ոչ թե գիտելիքների պաշար է տալիս, այլ օգնում է, որպեսզի աշակերտներն ու ուսանողները կարողանան ինքնուրույն սովորել», - նշում է Ռուզաննա Ծառուկյանը։

Եղեգնաձորի թիվ 1 դպրոցի ուսուցչուհի Ալլա Խալաթյանը 14 տարվա մանկավարժ է, ծրագրի հայաստանյան մեկնարկից ակտիվ մասնակցել է վերապատրաստումներին։ Նա պատմեց, որ «հիմա շատ գործընկերներ նախանձով են նայում` ինչպես է դասը վարում»։ - «Կարդալու եւ գրելու օգնությամբ սովորելու հմտությունները կարեւոր են ամբողջ կյանքի համար», - կարծում է ուսուցչուհին։

Մանկավարժական համալսարանի դասախոս Հեղինե Խաչատրյանը քննադատական մտածողություն է փորձում զարգացնել ուսանողների շրջանում: Նա դասավանդում է Զարգացման եւ մանկան հոգեբանություն: – «Իմ ուսանողների մոտ, օրինակ, նվազագույնի են հասցվել քննությունների հետ կապված սթրեսային իրավիճակները», - նշեց նա։

XS
SM
MD
LG