Մատչելիության հղումներ

Արձանագրությունները «դե յուրե կան, դե ֆակտո մեռած են»


ՀՅԴ Բյուրոյի անդամ Աղվան Վարդանյանը:

ՀՅԴ Բյուրոյի անդամ Աղվան Վարդանյանը:

«Հայ-թուրքական արձանագրություններն այլեւս փաստացի գոյություն չունեն. դիվանագիտական լեզվով՝ բայց սա էր ասված Հայաստանի նախագահի վերջին ուղերձում», - լրագրողների հետ հանդիպմանը չորեքշաբթի օրը հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Աղվան Վարդանյանը:

«Կարծում եմ, այս տեսքով արձանագրություններն այլեւս քննարկման հիմք չեն դառնա: Դե յուրե դրանք կան, դե ֆակտո դրանք մեռած են», - հավելեց նա՝ շարունակելով. - «Իհարկե, կարելի էր փակել դուռը, ստորագրությունը ետ քաշել, եւ դա ճիշտ կլիներ: Բայց, ցավոք, մենք դեռ այդքան ուժեղ, այդքան ինքնուրույնություն ունեցող երկիրը չենք: Ցավոք, դեռեւս մենք Թուրքիա չենք: Այնուամենայնիվ, կարծում եմ, հարցը փակված է, եւ դա լավ է»:

Դաշնակցության ներկայացուցչի համոզմամբ, եթե մի փաստաթուղթ կողմերին հնարավորություն է տալիս 180 աստիճանով տարբեր մեկնաբանություններ տալ, այն չի կարող հարաբերությունների կարգավորման հիմք լինել:

«Ուրեմն դա վատ բանակցված փաստաթուղթ է: Որքան էլ պարոն արտգործնախարարը պնդի, որ դրանցում նախապայմաններ չկային, փաստերը այլ բան են ասում», - հավելեց Վարդանյանը:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ արձանագրությունների վավերացման ընթացակարգը սառեցնելու մասին Հայաստանի նախագահի ուղերձը հրապարակվեց ապրիլի 22-ին՝ «ճանապարհային քարտեզի» մասին հայտարարությունից ուղիղ մեկ տարի անց՝ Աղվան Վարդանյանը ասաց. - «Ընդհանրապես հասարակությունները, ժողովուրդները ապրում են, առաջնորդվում են խորհրդանիշներով, եւ ես կարծում եմ, պետք է գնահատել նախագահի համարձակությունը, որ նույն օրը նա փակեց շրջանը եւ ազատեց մեզ այդ խարան-խորհրդանիշից»:

Թեմային երեկ, թերեւս, ավելի կոշտ մեկնաբանություններով, անդրադարձել էր Դաշնակցության մեկ այլ ղեկավար անդամ՝ կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

Հարցին, թե արդյո՞ք հակասություն չկա իր եւ Վահան Հովհաննիսյանի հնչեցրած գնահատականների միջեւ եւ արդյո՞ք վաղաժամ չէ արձանագրությունները մեռած որակելը՝ հատկապես հաշվի առնելով այն, որ դրանք դեռեւս Ազգային ժողովի մեծ օրակարգում են, Աղվան Վարդանյանը արձագանքեց. - «Տեսակետների տարբերություն չեմ նկատում: Ես ինքս ասացի, որ ճիշտը, իհարկե, կլիներ ստորագրությունները ետ վերցնելը: Դրանով դե յուրե նաեւ մենք կունենայինք նույն արդյունքը, բայց իրողություններն այս են, որ փաստորեն մենք դեռեւս այն ուժը եւ կարողությունը չունենք, որ կարողանայինք վերջնականապես փակել խնդիրը: Գնահատականները նույնն են, ուղղակի իմ խորին համոզմամբ, սա դիվանագիտական ձեւակերպումով նշանակում էր, որ արձանագրությունները այլեւս երբեք քննարկման նյութ չեն դառնա»:

Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա փուլի դրական եւ բացասական արդյունքների մասին՝ Վարդանյանը ասաց, թե «սա ցնցում էր՝ ներազգային իմաստով, որի կարիքը կար»: Իսկ գլխավոր բացասական հետեւանքը, ըստ նրա, այն է, որ գործընթացը Թուրքիային հնարավորություն տվեց դառնալ արցախյան հիմնախնդրի եւ տարածաշրջանային մի շարք այլ խնդիրների «բացահայտ կողմ»:

«Մինչեւ այս գործընթացը եւս Թուրքիան հնարավոր բոլոր տեղերում փորձում էր պաշտպանել Ադրբեջանի շահերը, բայց երբեք դա չէր անում միջազգային կառույցներում, այլ պետությունների ղեկավարների հետ հանդիպումներում այսքան բացահայտ եւ այսքան հրապարակային», - փաստարկեց Դաշնակցության ղեկավար անդամը:

Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում, ըստ նրա, թիվ մեկ խնդիրը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն է, իսկ ածանցյալ խնդիրը՝ հայ-թուրքական սահմանի բացման ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքների կատարումը:

«Հայաստանը պիտի շարունակի զուտ սահմանի հարցով միջազգային ճնշումը ուժեղացնել, բանեցնել Թուրքիայի վրա, որովհետեւ ի վերջո սա միակ փակ սահմանն է Եվրոպայում, եւ առանց որեւէ արձանագրության, առանց որեւէ փաստաթղթի էլ բնականը, նորմալն այն, է որ փակ սահմաններ չպետք է լինեն», - եզրափակեց նա:
XS
SM
MD
LG