Մատչելիության հղումներ

Միշլին Կալմի-Ռեյ. «Թուրքիային եւ Հայաստանին պետք է ողջունել ծափահարություններով»


Միշլին Կալմի-Ռեյ

Միշլին Կալմի-Ռեյ

«Ե'վ Թուրքիային, ե'ւ Հայաստանին պետք է ողջունել ծափահարություններով` այն հզոր քաղաքական կամքի համար, որ երկու երկրները դրսեւորեցին հարաբերությունները կարգավորելու նպատակով», - Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայտարարել է Շվեցարիայի արտաքին գործերի նախարար Միշլին Կալմի-Ռեյը:

Հայաստանն ու Թուրքիան Շվեյցարիայի միջնորդությամբ էին հարաբերությունները կարգավորելու շուրջ ինտենսիվ աշխատանք տանում, որն ի վերջո անցած տարվա հոկտեմբերին արձանագրությունների ստորագրմանը հանգեցրեց:

Այս պահին էլ Շվեցարիան պաշտոնապես կողմերի միջեւ շարունակում է միջնորդ մնալ:

Ելույթ ունենալով խորհրդարանականների առջեւ` Շվեցարիայի արտգործնախարարը երկուշաբթի օրը հայտարարել է, թե Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ յուրաքանչյուր առաջընթաց պետք է դիտվի երկու երկրների միջեւ հարաբերությունները կարգավորելու համատեքստում, որոնցից յուրաքանչյուրն այս տարիների ընթացքում, Կալմի-Ռեյի գնահատմամբ, ահռելի քաղաքական կամք է ցուցադրել:

Շվեցարիան ղեկավարում է նաեւ Եվրախորհրդի նախարարների կոմիտեն, ուստի Միշլին Կալմի-Ռեյին` իբրեւ այդ կոմիտեի ղեկավարի, հարցեր են ուղղել նաեւ հայ եւ ադրբեջանցի պատգամավորները, հիմնականում` Ղարաբաղյան հակամարտության, դրա լուծման թեմաներով:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը ակտիվորեն ընթանում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում», - ի պատասխան հայտարարել է Շվեյցարիայի արտգործնախարարը, հավելելով, թե անհրաժեշտ է նաեւ խրախուսել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ տեղի ունեցող հանդիպումները:

Կալմի-Ռեյի գնահատմամբ` ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը ակտիվորեն աշխատում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ:

Այդ նույն հարց ու պատասխանի շրջանակներում ադրբեջանցի պատգամավորների բարձրացրած մի քանի, մասնավորապես` «Հայաստանի կողմից ադրբեջանական հողերի 20 տոկոսի գրավված լինելու», ադրբեջանցի փախստականների անելանելի վիճակի եւ օգնության կարիք ունենալու մասին հարցերին Շվեցարիայի արտգործնախարարը, թուրքական «Զաման» պարբերականի փոխանցմամբ, բավական հակիրճ պատասխաններ է տվել, թե «այդ հարցը Մինսկի խմբի իրավասության ներքո է գտնվում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG