Մատչելիության հղումներ

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան մտահոգություն է հայտնում Վահան Խալաֆյանի մահվան կապակցությամբ


Վահան Խալաֆյան
Վահան Խալաֆյան

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH), Հայաստանում իր անդամ կազմակերպություն Քաղաքացիական հասարակության ինստիտուտը, Հայաստանի հելսինկյան կոմիտեն եւ Ընդդեմ իրավական կամայականության կազմակերպությունը մտահոգություն են հայտնում ապրիլի 13-ին ոստիկանության Չարենցավանի բաժնում Վահան Խալաֆյանի մահվան առիթով։

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների համաձայն, պետությունը պատասխանատվություն է կրում ոստիկանության բաժնում ցանկացած մահվան դեպքի համար, եւ համապատասխան պաշտոնյաները պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն կյանքի իրավունքը խախտելու համար` լինի դա սպանություն, թե ինքնասպանություն», - ասված է իրավապաշտպան կազմակերպությունների ապրիլի 27-ի համատեղ հայտարարությունում:

Երեքշաբթի օրը Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացրել է, որ ձերբակալվել է ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Աշոտ Հարությունյանը` պաշտոնական լիազորությունները անցնելու եւ Վահան Խալաֆյանին ինքնասպանության հասցնելու կասկածանքով: Ավելի վաղ կալանավորվել է նույն բաժանմունքի օպերլիազոր Մորիս Հայրապետյանը, ում արդեն առաջադրվել է մեղադրանք նույն հոդվածով:

Այդուհանդերձ, Ընդդեմ իրավական կամայականության կազմակերպության նախագահ Միքայել Արամյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե ձերբակալությունները քիչ հույս են տալիս, որ դեպքի լիովին կբացահայտվի:

«Տարել են խոշտանգել, սպանել, հետո իմիտացիա ձեւակերպել` իբրեւ ինքնասպանություն: Այդպիսի ինքնասպանություն չի լինում, ես համոզված եմ», - ընդգծեց Արամյանը` հավելելով. - «Հիմա ոչ միայն հոգեկան կհանեն այդ մարդուն [Խալաֆյանին], ինչ ասես կձեւակերպեն` միայն թե ապացուցեն այդ նախնական վարկածը»:

«Մեր կազմակերպությունները խորապես մտահոգված են Հայաստանում անպատժելիության մթնոլորտի խորացման, մասնավորապես իրավապահների կողմից կամ նրանց գիտությամբ կատարված հանցագործությունները անպատիժ թողնելու համար», - ասված է իրավապաշտպան կազմակերպությունների հայտարարությունում:

Միքայել Արամյանի խոսքերով` ոստիկանությունում խոշտանգումների միջոցով ցուցմունքներ կորզելու պրակտիկան Հայաստանում համակարգային է, մտածելակերպ է: «Շատ կան, բայց մեծ մասամբ անապացուցելի են, որովհետեւ խոշտանգվողները, որպես կանոն, համարձակություն չեն ունենում մինչեւ վերջ պնդելու իրենց խոշտանգման փաստը, որովհետեւ տարբեր մեթոդներով, տարբեր եղանակներով մասսայական այդպիսի ճնշումներ են ենթարկվում, եւ, ի վերջո, այդ մարդիկ հրաժարվում են փաստերը մինչեւ վերջ պնդելուց: Վերջում ձեւակերպում են` կամ աստիճաններից են ընկել աչքի վրա, կամ ականջի վրա են ընկնում` զավեշտի հասնող իրավիճակներ են», - ընդգծեց իրավապաշտպանը:

«Սա առաջին դեպքը չէ, երբ քաղաքացին մահանում է ոստիկանության բաժնում։ 2008 թվականի մայիսի 12-ին որպես սպանության վկա ոստիկանություն հրավիրված Լեւոն Գուլյանը եւս մահացել է ՀՀ Ոստիկանության շենքում, եւ մինչ օրս ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել մահվան փաստի առթիվ։ Ավելին, 2010 թվականի փետրվարի 5-ին Վերաքննիչ դատարանը մերժեց նրա իրավահաջորդների բողոքը Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի գործը կարճելու որոշման դեմ», - ընդգծում են իրավապաշտպան կազմակերպությունները իրենց հայտարարությունում:
XS
SM
MD
LG