Մատչելիության հղումներ

logo-print

Ջորջ Բուշը պատրաստվում է լույս ընծայել իր հուշագրությունը


Ջորջ Բուշը հանդես է գալիս հրաժեշտի խոսքով, Վաշինգտոն, 15-ը հունվարի, 2009թ.

Ջորջ Բուշը հանդես է գալիս հրաժեշտի խոսքով, Վաշինգտոն, 15-ը հունվարի, 2009թ.

Սպասվում է, որ այս տարվա նոյեմբերի 9-ին լույս կընծայվի Ջորջ Բուշ կրտսերի հուշագրությունը, որտեղ Միացյալ Նահանգների 43-րդ նախագահը պատմում է իր նախագահության հիմնական ձեռքբերումների եւ սխալների մասին:

«Վճռական պահեր» (Decision Points) վերնագիրը ստացած այս հուշագրությունը, հավաստիացնում են հրատարակիչները, կներկայացնի Ջորջ Բուշի նախագահության որոշ ժամանակահատվածների մասին «նախկինում չբացահայտված մանրամասներ». այն 14 ճակատագրական որոշումները, որ նախկին նախագահը ստիպված է եղել ի պաշտոնե ընդունել:

Գրքում նա անդրադարձ է կատարել 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությանը, ինչպես է կայացրել զորքերն Իրաք մտցնելու վերաբերյալ որոշումը, նաեւ` վճռել հրաժարվել խմիչքից:

Լքելով իր աշխատասենյակը` Բուշը իր նախագահության տարիների վերաբերյալ հրապարակային հարցազրույցներ չէր տալիս, դրանց գրեթե անդրադարձ չէր կատարում:

Ջորջ Բուշը լքել է նախագահի պաշտոնը 2009 թվականին:

Այդ ժամանակ նրա վարկանիշը աննախադեպ ցածր էր: Փորձագետների գնահատմամբ` դրան ոչ պակաս չափով հենց Աֆղանստանի եւ Իրաքի պատերազմներն ու համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետեւանքներն էին նպաստել: Ու չնայած այս ամենին` սպասվում է, որ գիրքը բեսթսելեր կդառնա:

Անդրադառնալով այս գրքի հրապարակման պատճառներին` Independent-ը գրել է, թե հնարավոր պատճառներից մեկը սեփական վարկանիշի վերականգնումը եւ նաեւ` գումարային փոքրիկ խնդիրն են դարձել:

Ամերիկյան պարբերականները պնդում են, որ պաշտոնաթող նախագահն արդեն իսկ ավարտել է հիմնական աշխատանքը եւ այժմ Դալասի իր տանը խմբագրական հարցերով է զբաղված: Այդ գործը Ամերիկայի նախկին նախագահը Սպիտակ տան իր նախկին ռեֆերենտի` Քրիս Միթչելի հետ է գլուխ բերում:

Հաղորդվում է նաեւ, որ Ջորջ Բուշը իր գիրքը գովազդելու նպատակով ծրագրում է Միացյալ Նահանգներով շրջագայության մեկնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG