Մատչելիության հղումներ

logo-print

ՊԵԿ-ի նախագահի տեղակալը «աննախադեպ» է որակում խոշոր հարկատուներից հավաքված հարկերի ցուցանիշը


Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «աննախադեպ» որակեց ընթացիկ տարվա առաջին եռամսյակում երկրի խոշոր հարկատուներից հավաքված հարկերի ցուցանիշները:

«Անցյալ տարվա այս նույն ժամանակահատվածի հետ համեմատած՝ կազմել է 19 տոկոսից ավելի՝ ավելի քան 25 միլիարդ դրամ: Նաեւ գերազանցել ենք ծրագրավորված ցուցանիշը բյուջետային ծրագրավորման առումով՝ շուրջ 9 միլիարդ դրամով՝ հարկերի մասով», - ասաց Ալավերդյանը:

Նա հավելեց, թե ցուցանիշը 2 միլիարդ դրամով գերազանցել է մինչեւ ճգնաժամը՝ 2008 թվականի առաջին եռամսյակի նույն ցուցանիշը:

Պետեկամուտների կոմիտեն օրերս հրապարակել է 2010 թվականի առաջին եռամսյակում խոշոր հարկատուների ցանկը, որը գլխավորում է «ՀայՌուսգազարդ»-ը (5 միլիարդ 242 միլիոն դրամ): Երկրորդ տեղում Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «Ալեքս-գրիգ» ընկերությունն է, որին, ըստ Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի վերջին ուսումնասիրությունների, բաժին է ընկնում ձեթի եւ բրնձի վաճառքի ավելի քան մեկ երրորդը, նաեւ՝ ամբողջ երկրի տարածքում վաճառվող շաքարավազի 99,99 տոկոսը:

Խոշոր հարկատուների առաջին տասնյակում են նաեւ «Ֆլեշ» եւ «Սիթի Փետրոլ Գրուպ» ընկերությունները, որոնք, ըստ Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի՝ օրերս տարածած հաղորդագրության, եւս շարունակում են մնալ գերիշխողների գրանցամատյանում:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչ իրավասություններ ունի Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովը գերիշխողների մատյանում գրանցված խոշոր հարկատուների նկատմամբ, հանձնաժողովի մամուլի խոսնակ Արմինե Ուդումյանը պատասխանեց. - «Օրինակ, չեն կարող գերիշխող դիրքի չարաշահումներ անել՝ առեւտրի լրացուցիչ պայմաններ պարտադրել, գնի չհիմնավորված բարձրացում թույլ տալ, չեն կարող խտրական գներ կիրառել իրենց գործընկերների նկատմամբ»:

Հակառակ դեպքում, ըստ Ուդումյանի, օրենքի համաձայն, գերիշխող դիրքի չարաշահման համար կնշանակվի տուգանք՝ ընկերության նախորդ տարվա հասույթի 2 տոկոսի չափով:

Հայաստանի սպառողների ընկերակցության նախագահ Արմեն Պողոսյանի խոսքով, խոշոր հարկատուների ցուցակի առաջին տեղերում հայտնվելը չի կարող արդարացնել անհարկի թանկացումներ կատարող որեւէ ընկերության գործունեություն:

«Այդ տրամաբանական կապը կա՝ մագլցել, հայտնվել այդ դիրքերում, որպեսզի ունենալ արտոնյալ վիճակ», - ասաց Պողոսյանը՝ շարունակելով. - «Օրենսդիրը, գործադիրը եւ ձեռնարկատերը ոչ միայն սերտաճած են, այլ հաճախ նույն դեմքով էլ հանդես են գալիս»:
XS
SM
MD
LG