Մատչելիության հղումներ

Վահան Հովհաննիսյանը քննադատում է արտգործնախարարին


Armenia -- Vahan Hovannisian, a leader of the Armenian Revolutionary Federation, speaks at a news conference on November 24, 2009.

Armenia -- Vahan Hovannisian, a leader of the Armenian Revolutionary Federation, speaks at a news conference on November 24, 2009.

Հայ Յեղափոխական Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը երեքշաբթի օրը խիստ քննադատության ենթարկեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին՝ նախօրեին հեռուստաեթերում հնչեցրած որոշ գնահատականների համար:

«Հասկանալի չէ, երբ նորից ակտիվացած արտաքին գործերի նախարարը նշում է, որ արձանագրություններին Հայաստանում ընդամենը մի քանի ընդդիմախոս են դեմ», - Ազգային ժողովում հայտարարեց Հովհաննիսյանը՝ շարունակելով. - «Եթե նա համարում է, որ արձանագրությունների դեմ ստորագրած [Դաշնակցության նախաձեռնած ստորագրահավաքի ընթացքում] քառորդ միլիոն մարդը «մի քանի ընդդիմախոս է», ես կարծում եմ, որ այս պայմաններում որոշ պաշտոնյաներ չպետք է սպասեն մինչեւ նախագահը իրենց կհեռացնի գործից»:

Անդրադառնալով հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ընթացակարգի կասեցման բուն հրամանագրին եւ այդ հարցը միայն քառօրյայի նիստի օրակարգից հանելու քաղաքական կոալիցիայի եւ նախագահի որոշմանը՝ Հովհաննիսյանը հայտարարեց, որ հասկանալի չէ, թե ինչ է փոխվել՝ եթե հարցը չի հանվել նստաշրջանի օրակարգից:

«Որովհետեւ մնացածը արդեն արվել էր Ազգային Ժողովի նախագահի կողմից: Փաստորեն մենք չէինք վավերացնում, չէ՞», - փաստարկեց նա՝ ներկայացնելով, իր կարծիքով՝ ճիշտ ընթացակարգը. - «Նախագահը պետք է հետ տաներ արձանագրությունները՝ վերադարձնելու կամ չվերադարձնելու կամ վերապահումներով հետագայում վերադարձնելու համար»:

Վահան Հովհաննիսյանը եւս մեկ անգամ եւս ընդգծեց Դաշնակցության տեսակետը, թե ամենաճիշտ քայլը կլիներ ստորագրությունն ընդհանրապես հետ վերցնելը:

«Քանի դեռ այդ փաստաթղթում առկա է Հայաստանի ստորագրությունը, մենք ենթակա ենք ճնշումների», - փաստարկեց նա՝ շարունակելով. - «Ամեն կերպ փորձ է արվելու Թուրքիայի համար նոր դուռ բացել վավերացնելու իմաստով, եւ ես մտահոգություն ունեմ, որ դա արվելու է կամ փորձ է արվելու դա անել մեր հաշվին՝ Ղարաբաղում պարտադրելով մեզ միակողմանի զիջումներ»:

Իրենց հայտարարություններում միանգամայն հակառակ տեսակետներ հնչեցրեցին քաղաքական կոալիցիայի կուսակցությունները ներկայացնող պատգամավորները:

Էդուարդ Շարմազանովը (ՀՀԿ), օրինակ, Սերժ Սարգսյանի որոշումը գնահատեց որպես «վճռական քայլ», որով «ամրապնդվեցին Հայաստանի դիրքերը միջազգային ասպարեզում»:

Հեղինե Բիշարյանը («Օրինաց երկիր») «անհրաժեշտություն» որակեց արձանագրությունների վավերացման ընթացակարգի կասեցումը:
XS
SM
MD
LG