Մատչելիության հղումներ

Արձանագրությունների վավերացման կասեցումը «հաշտեցման գործընթացին հասցված եւս մեկ հարված է»


Սաբինա Ֆրեյզեր
Սաբինա Ֆրեյզեր

Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրի տնօրեն Սաբինա Ֆրեյզերի կարծիքով, ցյուրիխյան արձանագրությունների սառեցման մասին` հայկական կողմի անցած շաբաթ կայացրած որոշումը «հայ-թուրքական հաշտեցման գործընթացին հասցված եւս մեկ հարված էր»։

Թուրքական «Զաման»-ում լույս տեսած «Կենտրոնանալով հնարավորի վրա՝ առանց առավելագույնի ակնկալիքի» հոդվածում Սաբինա Ֆրեյզերը գրում է. - «Արձանագրությունների համաձայն, Հայաստանը եւ Թուրքիան պետք է դիվանագիտական հարաբերություններ հաստատեին, ճանաչեին ներկայիս սահմանը, բացեին այն եւ ստեղծեին պատմաբանների համատեղ հանձնաժողով։ Վերջին երկու քայլերը` սահմանի բացումն ու պատմաբանների հանձնաժողովի ստեղծումը, մոտ ապագայում հնարավոր չի իրագործել»։

«Այդ իսկ պատճառով Հաաստանի եւ Թուրքիայի ղեկավարությունները պետք է կենտրոնանան առաջին երկու հարցերի վրա», - խորհուրդ է տալիս Ֆրեզյերը`մանրամասնելով. -«Վերջին տասնամյակի ընթացքում փոխադարձ վստահության մթնոլորտի ձեւավորմանն ուղղված ջանքերը չպետք է ապարդյուն անցնեն։ Հայկական ու թուրքական կողմերը պետք է մի կողմ դնեն առավել լուրջ տարաձայնությունների պատճառ դարձած խնդիրները` կենտրոնանալով պակաս հակասական հարցերի վրա։ Հարկավոր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել եւ ճանաչել երկու պետությունների միջեւ առկա սահմանը»:

Նա նաեւ համոզմունք է հայտնում, թե «այս երկու խնդիրները զուտ երկկողմ հարաբերություններին են վերաբերում, Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ որեւէ առնչություն չունեն»:

«Բացի այդ, խորհրդարանական առանձին վավերացման կարիքը այս դեպքում չկա», - հավելում է Սաբինա Ֆրեյզերը։

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների վերջին շրջանում արձանագրված զարգացումներին` Ֆրեյզերը գրում է. - «Վերջին 18 ամիսների ընթացքում երկու պետությունների ղեկավարների հանդիպումների թիվը պարզապես աննախադեպ էր։ Նման իրավիճակում առկա կապերին անհրաժեշտ է առնվազն ֆորմալ բնույթ հաղորդել։ Դա, նախեւառաջ, կբխի շարքային քաղաքացիների շահերից, որոնք տարրական հյուպատոսական ծառայությունների կարիքն ունեն», - գրում է վերլուծաբանը՝ շարունակելով. - «Մոտ 40 հազար հայաստանցի է ապրում Թուրքիայում, տասնյակ հազարավոր հայ զբոսաշրջիկներ են ամեն տարի այցելում թուրքական ծովափ։ Բացի այդ, մեծ է Հայաստանում մանր բիզնեսով զբաղվող թուրքերի, ինչպես նաեւ բեռնատարներով Հայաստան եկող թուրք վարորդների թիվը։ Նույնիսկ սահմանի փակ լինելու պայմաններում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկկողմ համագործակցությունը զարգացնելու հնարավորությունները քիչ չեն»:

Խոսելով հայ-թուրքական հաշտեցումը խոչընդոտող քաղաքական գործոնների մասին` Ֆրեյզերը մատնանշում է դրանցից առանցքայինը` Ադրբեջանի հակազդեցությունը։

«Թուրք ղեկավարները եկան այն եզրահանգմանը, որ Ադրբեջանի կողմից գործադրվող ճնշումն անտեսել հնարավոր չէ։ Բացի այդ, Թուրքիայի կառավարությունը չի ցանկանում Հայաստանի հետ սահմանի բացման շուրջ բանավեճի բռնվել ազգայնական ընդդիմության եւ իշխող կուսակցության շարքերում ի հայտ եկած ընդդիմախոսների հետ», - գրում է Սաբինա Ֆրեյզերը՝ պնդելով, թե այդ խուսափողական կեցվածքի պատճառը «սահմանադրական փոփոխությունների շուրջ ծավալված բուռն քննարկումներն են»։

Խոսելով Հայաստանի ղեկավարության որդեգրած կեցվածքի մասին՝ նա արձանագրում է. - «Հայաստանի ղեկավարությունն անցած ամիսներին եւս շատ քիչ բան է արել արձանագրությունների մի շարք դրույթներին իր հավատարմությունը վերահաստատելու համար»:

Խոսքը, ըստ Ֆրեյզերի, առաջին հերթին պատմաբանների հանձնաժողովի գործունեության մասին է։ Հայկական կողմը բացառում է Ցեղասպանության հարցի քննարկումը հանձնաժողովում, ինչն ակնհայտ դարձավ նախագահ Սարգսյանի` գերմանական «Շպիգել»-ին տված հարցազրույցից հետո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG