Մատչելիության հղումներ

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացավ աննախադեպ ակցիա, ինչի արդյունքում անմար կրակի մոտ դրված հարյուր հազարավոր ծաղիկները նորից «կյանք կառնեն»:

Ցեղասպանության զոհերի հուշահամալիրում` անմար կրակի շուրջ Ապրիլ 24-ին դրված ծաղիկները առաջին անգամ ոչ թե որպես աղբ կայրվեն, ինչպես սովորաբար արվել է, այլ կվերամշակվեն, ինչից հետո ծաղիկների թերթիկները թղթի կվերածվեն ու շնորհակալական բացիկ-հուշաթերթիկների տեսքով կնվիրվեն Ցեղասպանության թանգարանին, իսկ ցողունի հատվածները կվերամշակվեն ու կծառայեն որպես պարարտանյութ: Միջոցառման գաղափարը Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամինն է:


«Գաղափարը ծագեց մի քանի տարի առաջ, երբ միջազգային մի քանի հեռուստաալիքներ ցուցադրեցին կադրեր, թե ինչպես են Ապրիլի 24-ից հետո աղբատարները տեղափոխում ծաղիկները, և որոշեցինք վերամշակելով արդյունավետ օգտագործել դրանք», - պատմեց հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:

Միջոցառման մասնակիցները համոզված էին, որ այս նախաձեռնությունը նույնպես հարգանքի դրսևորման ինքնատիպ ձեւ է: Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կամավորներից Մալինան Գերմանիայից է, որտեղ, ինչպես պատմեց նա, «ընդունված է աղբի եւ ծաղիկների վերամշակումը»: - «Կարծում եմ որ սա կարող է շատ լավ ավանդույթ դառնալ նաեւ Հայաստանում», - ասաց նա:


Ակցիային մասնակցում էին կամավորներ բնապահպանական տարբեր կազմակերպություններից, Հայաստանի մարզերի էկոակումբներից:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG