Մատչելիության հղումներ

Ցմահ ազատազրկում` «պատվո սպանության» համար


Թուրքիայի դատարանը այսօր ցմահ ազատազրկման է դատապարտել 7 տղամարդու, ովքեր երկրի հարավ-արեւելյան շրջանում 2009 թվականին 44 մարդու են սպանել։

DPA լրատվական գործակալության փոխանցմամբ, Մարդին ավանից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Բիլջե գյուղում անցյալ տարվա մայիսին դիմակավորված հանցագործները ներխուժել են մի տուն, որտեղ պսակադրության արարողություն է ընթացել, եւ ինքնաձիգներից կրակ են բացել մարդկանց վրա։

Տեղացիների վկայությամբ` հարձակվողների եւ փեսայի գերդաստանների միջեւ թշնամանքը տասնամյակների պատմություն ուներ. առաջինները հարսնացուի գերդաստանին ժամանակին առաջարկել էին աղջկան ամուսնացնել իրենց գերդաստանից մի երիտասարդի հետ, սակայն խնդրանքը մերժվել էր։

Սպանվածների թվում են հարսն ու փեսան, վերջինիս մայրը եւ քույրը, ինչպես նաեւ իմամը, ով եկել էր պսակադրության ծեսը կատարելու։

DPA-ն նշում է, որ «պատվո սպանությունները» եւ «արյան վրեժը» հազվադեպ չեն Թուրքիայի հարավ-արեւելյան շրջաններում, սակայն Բիլջեում տեղի ունեցած սպանդը նախադեպը չի ունեցել։

Գյուղի բնակիչներից շատերը իշխանությունների աջակցությամբ հեռացել եւ բնակություն են հաստատել Թուրքիայի տարբեր շրջաններում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG