Մատչելիության հղումներ

«Փակ սահմանի բացումը հնարավորություն կտար կարգավորել տնտեսական կապերը, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում»


Հայաստանի նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի՝ երեքշաբթի օրը գումարված նիստում Սերժ Սարգսյանը անդրադարձել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:

Խոսելով տարածաշրջանային էներգետիկ շուկայում երկրի ներգրավվածության մասին՝ Սերժ Սարգսյանը մասնավորապես նշեց, որ Հայաստանի իշխանությունները համապատասխան քայլեր ձեռնարկեցին Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ: Նախագահի ձեւակերպմամբ՝ Եվրոպայի վերջին փակ սահմանի բացումը հնարավորություն կտար կարգավորել տնտեսական կապերը, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում:

ՀՀ նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստում: Երեւան, 27-ը ապրիլի, 2010թ.:
«Չնայած այն հանգամանքին, որ Թուրքիայի կառավարության անգործության արդյունքում գործընթացը դադարեցված է, մենք դեպի Թուրքիա, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքի երկրներ էլեկտրաէներգիա արտահանելու պոտենցիալ ենք տեսնում», - ասաց նախագահը:

Հայաստանի փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը, ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, ասաց, թե չի բացառում, որ Հայաստանը հետ կանչի հայ-թուրքական արձանագրությունների տակ դրած ստորագրությունները:

Արձագանքելով նախագահ Սարգսյանի հասցեին հնչող քննադատությանը, թե Հայաստանը, կասեցնելով արձանագրությունների վավերացման գործընթացը, ընդամենը Թուրքիային ժամանակ տվեց ցանկալի ժամանակահատվածում վավերացնել դրանք՝ ներգրավված մնալով ղարաբաղյան կարգավորման գործընթացում ՝ Կիրակոսյանը հակադարձեց. - «Չմոռանանք, որ մենք էլ հնարավորություն ունենք ստորագրությունները հետ կանչելու, դա էլ է տարբերակ»:


Ինչ վերաբերում է արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցնելուն, ապա Արման Կիրակոսյանը այս պահի համար դա ճիշտ որոշում է համարում, որը նախագահ Սարգսյանի կողմից «կայացվեց՝ ելնելով ազգային շահերից»:

Արման Կիրակոսյանը նաեւ չհամաձայնեց նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի պնդմանը, թե իշխանությունները, կասեցնելով արձանագրությունների վավերացման գործընթացը, Հայաստանի համար ընտրեցին վատթար տարբերակը:

«Չեմ կարող ասել, որ դա վատ տարբերակ է: Այն իմաստով, որ արդեն հնչում են դրական արձագանքներ տարբեր երկրներից նախագահի որոշման կապակցությամբ: Այս պահին մենք սպասում ենք, թե ինչ զարգացումներ են տեղի ունենալու Թուրքիայում», - ասաց Հայաստանի փոխարտգործնախարարը:

Երկուշաբթի օրը Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում արտգործնախարար էդվարդ Նալբանդյանը ընդգծել է, թե Հայաստանի իշխանությունները պատրաստ կլինեն առաջ շարժվել՝ եթե Թուրքիայում տեսնեն այնպիսի գործընկերների, ովքեր պատրաստ են առանց նախապայմանների գնալ առաջ, կարգավորել հարաբերությունները եւ իրականացնել ձեռք բերված պայմանավորվածությունները:

Էդվարդ Նալբանդյան
Թե երբ կվավերացվեն արձանագրությունները, նախարարի խոսքով՝ «մեծ հարց է». - «Եթե Թուրքիայի կողմից նորից լինեն արժանահավատ խոսք, արժանահավատ գործ, ապա կլինեն համարժեք քայլեր մեր կողմից: Բայց վերսկսել նոր բանակցություններ, որեւէ անհրաժեշտություն ես չեմ տեսնում»:

Հակադարձելով Հայաստանի իշխանությունների հասցեին հնչած քննադատությանը՝ արտգործնախարարը նշել է, որ հայ-թուրքական արձանագրությունները ոչ թե խոչընդոտել են Ցեղասպանության ճանաչումը, այլ ընդհակառակը՝ վերջին երկու տարում Ցեղասպանության վերաբերյալ հրապարակումները, քննարկումները եւ ընդհանրապես ուշադրությունը բազմապատկվել է մի քանի անգամ:

Արտգործնախարարը նաեւ քննադատել է նախկին իշխանություններին. - «Գիտեք, երբ որ խոսքը գնում է արտաքին քաղաքականության շարունակակության մասին, ապա դա չի նշանակում, որ պետք շարունակել սխալները: Պետք է չկրկնել սխալները, եւ հենց այդ տրամաբանությամբ էր, որ Հանրապետության նախագահը սկսեց այս գործընթացը: Եվ ինչպես բազմիցս ասվել էր, մենք ինչ-որ ասել ենք, դա էլ արել ենք: Եվ երբեւէ չենք ասել այն, ինչ որ չենք կարող անել»:
XS
SM
MD
LG