Մատչելիության հղումներ

logo-print

Արձանագրությունների վավերացման կասեցման որոշումը «փոփոխություն չի մտցնում Ազգային ժողովում դրանց վավերացման գործընթացի կարգավիճակի մեջ»


ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանը

ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանը

Խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ընթացակարգի կասեցման մասին Սերժ Սարգսյանի որոշումը, ըստ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ), ընդամենը արտահայտում է նախագահի խորը հուսախաբությունը «ֆուտբոլային դիվանագիտության» արդյունքներից եւ «փոփոխություն չի մտցնում Ազգային ժողովում դրանց վավերացման գործընթացի կարգավիճակի մեջ»:

«Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման «ընթացակարգի կասեցման» մասին Սերժ Սարգսյանի որոշումը, ըստ էության, փոփոխություն չի մտցնում Հայաստանի խորհրդարանում այդ արձանագրությունների վավերացման գործընթացի կարգավիճակի մեջ: Ուստի, այն ավելի ճիշտ է անվանել ոչ թե որոշում «կասեցման» մասին, այլ որոշում «ուղերձի» մասին, որով նա արտահայտում է իր խորը ֆրուստրացիան (հուսախաբությունը) այսպես կոչված հայ-թուրքական «ֆուտբոլային» դիվանագիտության արդյունքների վերաբերյալ», - ասված է Հայ ազգային կոնգրեսի տարածած հայտարարությունում:

Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը, երեքշաբթի օրը լրագրողներին ներկայացնելով հայտարարությունը՝ նշեց, թե «Սերժ Սարգսյանը բոլոր հիմքերն ունի հուսախաբության համար»:

Այնուհետեւ Լեւոն Զուրաբյանը թվարկեց, Կոնգրեսի գնահատմամբ, Սարգսյանի հիմնական ձախողումները. - «Ամենակարեւոր ձախողումն այն է, որ, հակառակ հռչակված մտադրությունների եւ խոստումների, չհաջողվեց անջատել հայ-թուրքական գործընթացը ղարաբաղյան կարգավորումից: Երկրորդ, այդ անհաջողության հետեւանքով հայ-թուրքական եւ ղարաբաղյան կարգավորման գործընթացները այլեւս դիտարկվում են միջազգային հանրության կողմից որպես փաթեթով լուծվելիք միասնական խնդիր: Երրորդ, արձանագրելով այս իրողությունը, Թուրքիան հասավ նրան, որ միջազգային հանրության, առաջին հերթին Մինսկի խմբում համանախագահող գերտերությունների ջանքերը ուղղվելու են ղարաբաղյան հարցի շուտափույթ լուծման համար Հայաստանի վրա ճնշումներ գործադրելուն»:

Ըստ ՀԱԿ-ի, ձախողումների շարքում է նաեւ այն, որ Թուրքիայի պահանջով արված զիջումը` արձանագրություններով նախատեսված պատմաբանների հանձնաժողովի ձեւավորմանը համաձայնություն տալը, այսպիսով դառնում է անտեղի եւ միակողմանի զիջում:

«Բարոյապես անընդունելի նման զիջման համար համար չկար քաղաքական անհրաժեշտություն, քանի որ ղարաբաղյան խնդրի լուծման պարագայում Թուրքիան առանց այդ էլ բացելու էր սահմանը», - պարզաբանեց Զուրաբյանը՝ շարունակելով, թե պատմաբանների հանձնաժողովին վերաբերող դրույթով Թուրքիան առանց որեւէ բան տալու ստացավ այն, ինչն աշխատում է նաեւ առանց արձանագրությունների վավերացման` այդպիսով դժվարացնելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը։

«Անգամ Ղարաբաղի խնդրում Թուրքիայի կողմից պահանջների բավարարման դեպքում Սերժ Սարգսյանը այլեւս չի կարող հրաժարվել հանձնաժողովից», - ասված է հայտարարությունում:

ՀԱԿ-ը մատնանշում է նաեւ հետեւյալ ձախողումը. - «Ստանալով Ցեղասպանության ուրացումը եւ ոչինչ չհատուցելով դրա փոխարեն, Թուրքիան հիմա զարգացնում է հաջողությունը, պահանջելով սահմանի վերաբացման դիմաց նաեւ Աղդամի եւ Ֆիզուլիի վերադարձը Ադրբեջանին եւ, ըստ որոշ տվյալների, արդեն ստացել է այդ հարցում համանախագահող տերությունների աջակցությունը»:

«Սերժ Սարգսյանը, թերեւս, իրեն խաբված է զգում Թուրքիայի եւ միջազգային հանրության կողմից, սակայն ավելի ծանր է այն հանգամանքը, որ նա խաբել է հայ ժողովրդին», - հայտարարում է Հայ ազգային կոնգրեսը՝ եզրափակելով. - «Կործանարար այս գործընթացի կասեցման միակ միջոցն այն է, որ դադարեցվեն բռնության եւ դրսի օժանդակությանը կառչելու փորձերը եւ երկրում նախաձեռնվեն համերաշխության եւ ազգային համախմբման գործընթացներ, որոնք կհանգեցնեն Հայաստանում ժողովրդավարության եւ լեգիտիմ իշխանության ձեւավորումը»:
XS
SM
MD
LG